‘«Ժամանակի» հերքումը տպագրվել է եւ անհետացե՞լ. Top-News’

1562

Top-News.am կայքում մի տեղեկատվություն է հրապարկվել, որտեղ նշվում է, որ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը թերթի մայիսի 22-ի համարում հերքում է տպագրել Քոչարյանների վերաբերյալ տպագրված լուրերի առնչությամբ: Կայքը, սակայն, գրում է, թե թերթի այդ օրվա համարը գտնելը գրեթե անհնար է եղել: ««Ժամանակը» իր տպագիր համարները տեղադրում է իր կայքում, իսկ մայիսի 22-ի համարում որեւէ հերքման տեքստ գոյություն չունի (issuu.com/zhamanakyerevan/docs/22.05.2013): Այսուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ Ազգային ժողովի գրադարանում գոյություն ունի «Ժամանակի» մայիսի 22-ի համարը` հերքման տեքստով: Իսկ ահա կայքում տեղադրված համարում, հենց այն էջում եւ անկյունում, որտեղ զետեղված է ներողության տեքստը, դրված է բոլորովին այլ նյութ (կից ներկայացվում է նույն համարի երկու տարբեր օրինակների լուսանկարները):

Իսկ մեր շրջայցը կրպակներով ցույց տվեց, որ մայիսի 22-ի համարն իսկապես չեն ստացել: Ամենաուշագրավն այն է, որ մայիսի 22-ի համարը չի ստացել նաեւ Ազգային գրադարանը: Մեծ էր գրադարանի աշխատակիցների զարմանքը, որոնք եւս հայտնաբերեցին, որ թերթը չկա: Ավելին, նրանք ճշտեցին, որ թերթը ոչ թե գողացել են, այլ պարզապես չեն ստացել: Ի դեպ, «Ժամանակ» օրաթերթը չկար նաեւ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում»,- գրում է կայքը՝ հավելելով. «Ուզում ենք հավատալ, որ այս ամենի հետ Բաբաջանյանը կապ չունի, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է կայքում տեղադրված մայիսի 22-ի համարում բացակայում հերքման տեքստը: Չէ՞-որ այնտեղ տեղադրվում է հենց տպագիր համարը, եւ ոչ էլեկտրոնային տարբերակը: ..Այս ամենից հետո ակամա հիշում ես այն ամենը, ինչի մեջ վերջին տարիներին հայտնվել է Արման Բաբաջանյանը: Հիշեցնենք, որ նա բանակից ազատվելու համար փաստաթղթեր էր կեղծել եւ հայտնվել բանտում: Ստացվում է, որ տարիների ընթացքում Բաբաջանյանը չի փոխել իր բնավորությունը եւ սովորությունները: Կարծում ենք, որ հենց Արման Բաբաջանյանը պետք է լրագրողական հետաքննություն անցկացնի, պարզելու, թե ինչու մայիսի 22-ի համարն անհետացել է կրպակներից եւ գրադարաններից»:

Նախորդ հոդվածը‘Հոլանդիա-Իսպանիա՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Առաջ դեպի ապահով Բադեն-Բադեն. Մամուլ’