‘«Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» քաղաքական ապահարզանը հասունանո՞ւմ է ‘

848

«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները», ինչպես երեւում է, կանգնած են ապահարզանի շեմին: Հիշո՞ւմ եք՝ որքան երկար տեւեց այդ երկու ուժերի քաղաքական նշանդրեքը ԱԺ ընտրություններից առաջ: «ժառանգությունը» երկար չեմուչում էր անում, չէր ուզում խոստովանել ծածուկ հարաբերությունների մասին, բայց արդյունքում` ընտրությունների շեմին այդ երկու ուժերը պաշտոնականացրին ու հրապարակայնացրին իրենց հարաբերությունները: Բայց, փաստորեն, համատեղ կյանքը երկար չտևեց: Քիչ առաջ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ արդեն պաշտոնապես «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչիկ Քոքոբելյանին մեղադրեց ստի մեջ: «Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով` ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ: Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաեւ մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ: Այդ մեկը` եթե երբեւէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա եւ Աստծո օրենքի միջեւ է: Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը` որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջեւ: Եվ վերջում` նրա սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ»,- ասվում է Հովհաննիսյանի հայտարարության մեջ: Փաստորեն, պարոնայք, քաղաքական ապահարզանը սկսվեց: Իսկ մենք հույս ունեինք, որ նրանց համատեղ կյանքը գոնե մինչեւ նախագահական ընտրություններ կձգվի:

Դե, ինչ արած, ինչ-որ տեղ սպասելի գործընթաց էր: Ամեն ինչ տանում էր դրան:
Եթե հիշում եք` «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» տունը կռիվ էր ընկել դեռ շաբաթներ առաջ: Ամբողջությամբ նորից չպատմենք ամեն ինչ, միայն հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վերջերս վայր էր դրել իր պատգամավորական մանդատը, ասուլիսում մեղադրել էր «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին ստախոսության մեջ: Հովհաննիսյանն ասել էր, թե ինքը մանդատը վայր դնելու պայմանավորվածություն է ունեցել նաեւ Քոքոբելյանի հետ, եւ որ վերջինս նույնպես պիտի վայր դներ իր մանդատը: Հետո Քոքոբելյանը, ով երկրում չէր, դրսից հերքել էր Հովհաննիսյանի այս հայտարարությունը: Հետո «ժառանգությունից» հայտարարել էին, թե բա` չէ, նման պայմանավորվածություն իրոք եղել է: Հետո Քոքոբելյանը վերադարձել էր Հայաստան, հանդիպել Հովհաննիսյանի հետ, հետո հարցազրույց տվել եւ նորից հայտարարել, թե ինքը հանդիպել է Հովհաննիսյանին, խոսել են, պարզել են, որ թյուրիմացություն է եղել: Հետո նորից «Ժառանգությունն» ասել էր, թե, բա ախր` ոչ, եղել է պայմանավորվածություն: Էսպես իրար մեղադրելով` այս երկու քաղաքական ուժերը բավականին զվարճալի տրամադրություններ էին պարգեւել հասարակությանը:
Բայց Քոքոբելյանն իր հարցազրույցում մի կարեւոր ակնարկ էլ էր արել: Իսկ ավելի կոնկրետ` այս ամողջ պատմության ամենակարեւոր ակնարկն այն է, թե նախագահական ընտրություններում սատարելու է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Փաստորեն, ամբողջ պատմության իմաստն այս հայտարարությունն էր: Քոքոբելյանը, ով խորհրդարան է անցել հիմնականում «Ժառանգության» շնորհիվ, ակնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանին, թե բա «ախպերս, արի սենց՝ ես քեզ կսատարեմ նախագահական ընտրություններում, դու իմ մանդատին դայաղ մի եղի»: Հետո «Ժառանգությունում» մի երկու օր լռեցին, կամ գրեթե լռեցին` կիսատ-պռատ մեկնաբանություններ տվեցին, մեկ էլ գըգըմփ` Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ: Փաստորեն՝ մարդը, ով արդեն մոտ 10 տարի է` պատրաստվում է նախագահական ընտրություններում առաջադրվել, կարող է այսպես հեշտությամբ խաբվել միջին կալիբրի մի քաղաքական գործչի կողմից: Բա պատկերացրեք, թե ինչպես նրան կարող են խաբել միջազգային մակարդակի խոշոր քաղաքական գործիչները: Եւ այդ մարդը դեռ ուզում է նախագա՞հ դառնալ:
Հ.Գ. Ի դեպ, չի բացառվում, որ ի հեճուկս Րաֆֆի Հովհաննիսյանի դիմադրությանը՝ Քոքոբելյանը, այնուամենայնիվ, բռնի ուժով վերցնի ու սատարի Հովհաննիսյանին` առանձնակի դաժանությամբ ու կանխամտածված: Առավելեւս, որ եթե Քրեական օրենսգրքում բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալը կամ առանձնակի դաժանությամբ սպանությունը քրեորեն պատժելի արարք է, ապա սատարման մասին ՔՕ-ում որեւէ խոսք չկա:

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘«Մեծ Սաղավարտի» մրցաշար, 9-րդ տուր. Կարուանա – Արոնյան՝ ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Լավրով. Թուրքիայի առգրաված ինքնաթիռում զենք չի եղել ‘