‘«Ժառանգության» վարչության անդամ. Իշխանությունը հոգեվարքի մեջ է’

1193

Իշխանությունը տարիներ առաջ խոստանում էր բարեփոխումներ, սակայն նրանք փոխել են միայն իրենց եւ իրենց մերձավորների կյանքը: Չընտրված բուրգի կարկառուն դեմքերը չեն թաքցնում, որ քաղաքակիրթ ճանապարհով մարդիկ չեն կարող հասնել իշխանափոխության: «Հովիկ Աբրահամյանը հայտարարում է՝ միեւնույն է  իշխանափոխություն չի լինելու, Շարմազանովը ասում է՝ վարչապետի եւ նախագահի թեկնածուն պետք է անցնի Մելիք-Ադամյան փողոցով, Կարեն Ավագյանը իր հերթին ասում է՝ իզուր մի չարչարվեք, քննադատեք սահմանադրական փոփոխությունները, դա ոչինչ չի նշանակում՝ միեւնույն է՝ նախագահը լինելու է մեր թեկնածուն: Սա ցինիզմի առավելագույն դրսեւորում է. այս մարդիկ հոգեվարքի մեջ են»,- այս մասին Վանաձորում մեկնարկած ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:

Նրա խոսքով՝ հենց նույն Սերժ Սարգսյանն է ասում՝ ի՞նչ է, որ նախագահ եմ, ամեն ինչի համար ե՞ս պետք է պատասխան տամ: «Բա ո՞վ պետք է պատասխան տա, ձեր հանցագործ բուրգում կա՞ մեկը, որ պետք է պատասխան տա այս ժողովրդին: Ակամայից հիշեցի Ռուբեն Հախվերդյանի խոսքերը, որտեղ ասում է՝ «անտերուդուս մուրացկանները եկան դարձան մեզ տեր ու տիրական», բայց մենք թույլ ենք տվել, որ եկել են: ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը, որ թուրքերին գրողի ծոցն է ուղարկում, բա մեզ ու՞ր է ուղարկում»,- հայտարարեց Սուսաննա Մուրադյանը՝ խոստանալով, որ հոկտմեմբերի 10-ին ժողովուրդը ազատվելու է այս իշխանությունից:

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուս»-«Ռոմա». Լրատվամիջոցները մրցավարության մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ուրալ Ռախիմովի փաստաբանները մտադիր են փակել «Բաշնեֆտի գործը»’