‘«Ժառանգությունը» ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների դեմ օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ’

906

Ժառանգություն» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով ցանկանում է վերջ դնել ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների արատավոր սովորությանը: Այս մասին գրում է hetq.am-ը:

Խմբակցության պատգամավորները «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում առաջարկում են կատարել լրացումներ եւ փոփոխություններ, որով նպատակ են հետապնդում առավել բաց և թափանցիկ դարձնել օրենսդիր մարմնի աշխատանքները: Եթե նախագիծն ընդունվի, ապա կարգազանց են համարվելու այն պատգամավորները կամ Ազգային ժողովի նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում գրանցվել կամ քվեարկել են բացակա պատգամավորի փոխարեն:

Ըստ նախագծի հեղինակ պատգամավորների` օրենքի փոփոխության հիմնավորումն է այն, որ թեև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ  օրենքով սահմանված է` պատգամավորը գրանցվում և քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, սակայն օրենքում ամրագրված չէ, թե ինչ կարող է հետեւել անձամբ չգրանցվելու կամ չքվեարկելու դեպքում:

Նման նորմի բացակայությունը, ըստ նրանց,  վկայում է, որ բացակա պատգամավորի փոխարեն կարող է գրանցվել եւ քվեարկել նիստին ներկա որեւէ այլ պատգամավոր: Առաջարկը օրենք դառնալու դեպքում ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորները կհամարվեն կարգազանց, և նիստը վարողը նրանց նկատմամբ կարող է ձեռնարկել հետևյալ կարգապահական միջոցները. զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով, խոսափողի անջատում, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, հեռացում դահլիճից  մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից, զրկում` մինչեւ 6 օր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում:

Մեր կողմից նշենք, որ ուրիշի փոխարեն ԱԺ-ում հիմնականում քվեարկում են ՀՀԿ-ական պատգամավորները: Այդ փաստը բազմիցս ֆիքսել են տարբեր լրատվամիջոցների տեսախցիկները: Երբեմն իրենց գործընկերների օրինակին են հետևում ՕԵԿ-ականները:

Նախորդ հոդվածը‘Նվիրիր ինձ կյանք. Փրկենք փոքրիկ Աննային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բարդ և խճճված սյուժեներով ֆիլմերը գերլարում են մարդկանց ուղեղները’