‘Ժառանգությունը չի կողմնորոշվում Արարատում ‘

979

Արարատի քաղաքապետի՝ նոյեմբերի 10-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: Իշխող Հանրապետական կուսակցությունն այստեղ առաջադրել է «Արարատյան ավտոկայանի» տնօրեն Հայկ Հայկյանին, իսկ ԲՀԿ-ն՝ «Արարատցեմենտ» գործարանի արտադրության պետ Սամվել Բարսեղյանին: Հայ ազգային կոնգրեսը, ինչպես հայտնի է, արդեն հայտարարել է, որ սատարելու է ոչ իշխանական թեկնածուին, այսինքն, այս պարագայում՝ ԲՀԿ-ին: Այլ քաղաքական ուժեր Արարատի քաղաքապետի ընտրությունների մասով դեռ հայտարարություններ չեն արել: iLur.am-ը «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է լինելու այս ընտրություններում իրենց կուսակցության դիրքորոշումը, արդյո՞ք սատարելու են թեկնածուներից որեւէ մեկին: «Այդ հարցը չի քննարկվել կուսակցությունում, դեռևս չունենք որևէ մեկի կողմից դիմում՝ իրենց աջակցելու, եթե նման դիմում լինի, անպայման կքննարկենք»,- հայտարարեց Խուրշուդյանը:

Այն հարցին, թե ինչ դիրքորոշում է ունենալու կուսակցությունը, եթե նրանց չդիմեն, Խուրշուդյանը պատասխանեց . «Այդ պարագայում դժվարանում եմ ասել՝ այդ հարցը ընդհանրապես կքննարկե՞նք, թե՞ ոչ: Համենայն դեպս, «Ժառանգության» անդամները հանձնաժողովներում իրենց պարտականությունները, ինչպես միշտ, լիարժեքորեն կատարելու են, այսինքն՝ զբաղվելու են ընտրությունների օրինականության ապահովմամբ»: Նա նաեւ հավելեց, թե այս պահին որեւէ մեկին աջակցելու վերաբերյալ հարց իրենց օրակարգում չկա: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի ռեվալվացիան հոկտեմբերին կազմել է 0.5%’
Հաջորդ հոդվածը‘«Լիսկայի գործով» Ալումյանի բողոքի քննարկումը հետաձգվեց’