‘
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ էր ուղարկել Սերժ Սարգսյանին, ինչպես նաև վարչապետին և Երևանի քաղաքապետին՝ մարտի 5-ին հրավիրելով նրանց Ազատության հրապարակ՝ հանրահավաքում ցուցարարների առջեւ «հանրային հաշվետվություն» տալու։
iLur.am-ին երեկվանից չէր հաջողվում ձեռք բերել այդ նամակի էլեկտրոնային տարբերակը, քանի որ «Ժառանգությունում» ինչ-ինչ պատճառներով նամակը չէին տրամադրում:
Այսօր, սակայն, «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ հրապարակման համար ժամանակն արդեն անցել է:
«Որպես ի՞նչ հիմա ուղարկենք, ժամանակը հիմա անցել է, նա էլ չեկավ (խոսքը՝ Սերժ Սարգսյանի մասին է-խմբ), իսկ հետին թվով հիմա հրապարակելը՝ չեմ կարծում, որ իմաստ ունի»,- ասաց Խուրշուդյանը՝ շեշտելով, որ ոչ թե հրաժարվում են նամակը տրամադրել, այլ պարզապես դրա «իմաստը չեն տեսնում»:
Մեր այն պնդմանը, թե եթե այժմ այդ նամակը ժամանակավրեպ է, ապա ինչու Սերժ Սարգսյանին ուղարկելուց հետո այն չի հրապարակվել՝ խոսնակն ասաց.
«Չենք ուղարկել, քանի որ դա եղել է նամակ՝ ուղղված կոնկրետ այդ երեք հոգուն, ու բովանդակության մասին պրն. Հովհաննիսյանը խոսել է: Այնտեղ երկու բառ է ընդամենը, որ նրանք հրավիրվել են հանրային հաշվետվության, այնտեղ ուրիշ մանրամասնություններ չկան, որ հրապարակեինք»:
‘