‘«Ժառանգությունն» օրենքի համահավասարություն է պահանջում բոլոր քաղաքացիների նկատմամբ’

693

«Ժառանգություն» կուսակցությունը հակակոռուպցիոն առաջարկությունների փաթեթ է ներկայացրել կառավարությանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ ընդդիմադիր կուսակցություններին ևս հրավիրել էր մասնակցելու հակակոռուպցիոն խորհրդի նիստին: Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվել էին մասնակցել այդ նիստին, իսկ «Դաշնակցությունն» ու «Ժառանգությունը» մասնակցել ու առաջարկների փաթեթներ են ներկայացրել: «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է իրականացնել հետեւյալ քայլերը.

  1. Օրենքի համահավասարության ու պատժելիության սկզբունքի կիրառում բոլոր քաղաքացիների նկատմամբ՝ ՀՀ Նախագահից ու նրա ընտանիքի անդամներից մինչեւ շարքային քաղաքացի:
  2. Քաղաքական, հասարակական, մասնագիտական ոլորտներում նոր, տաղանդավոր, արհեստավարժ, անկախ մարդկանց մասնակցության աստիճանական, բայց նպատակամետ աճ, որոնք կոչված կլինեն փոխարինելու գորշ, ամեն ինչի հետ համակերպվող «լճացման էլիտային», պետական ծառայողների նոր սերնդի ձեւավորում:
  3. Լիակատար պետական աջակցություն ժամանակակից միջին խավի ձեւավորմանը, մանր եւ միջին սեփականատերերի իրավազրկության վերացում:
  4. Պետական ապարատի հակակոռուպցիոն զտման իրականացում` «վիրահատական միջոցառումներ». ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկել երկրում արմատացած քաղաքական, համակարգային եւ վարչատնտեսական կոռուպցիայի ու անօրինականությունների գլխավոր պատասխանատուներին, ովքեր բազմիցս խախտել են երկրի Սահմանադրությունը եւ օրենքները:
  5. Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` կուսակցությունների պետական ֆինանսավորման իրական ավելացումՙ և խոշոր բիզնեսից կախվածության նվազեցում:
  6. Վերահսկիչ պալատի եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական  հանձնաժողովի ձեւավորման եւ կառավարման գործում խորհրդարանական ընդդիմության դերի մեծացում:
  7. Լայն լիազորությունների օժտամբ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ միջկուսակցական Հակակոռուպցիոն խորհրդի ձեւավորում, ընդդիմության մեծ դերակատարմամբ:
  8. Պետական ձեռնարկությունների եւ հանքավայրերի` ապօրինի, չհիմնավորված ցածր գներով, պետությանը հասցված խոշոր չափերի վնասով իրականացված մասնավորեցումների վերանայում, ազգայնացում եւ նոր մասնավորեցում` բաց, թափանցիկ մրցույթների հիման վրա, որի արդյունքում բյուջետային հավելյալ եկամուտների ապահովում. միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ Սյունիքի մարզի Սվարանց գյուղում գտնվող երեք երկաթահանքերի հետ կապված ապօրինի, ստվերային գործարքների վերանայման շնորհիվ հնարավոր է պետության բյուջե վերադարձնել ավելի քան 266 մլրդ դրամ գումար:
  9. Նունն իրականացնելո հանցավոր ճանապարհով եւ անաշխատ եկամուտներով կուտակված հարստության նկատմամբ` կիրառելով օրինականության վերականգնմանն ուղղված օրենքով սահմանված միջոցներ` այն վերադարձնելով պետության տնօրինությանը, որպեսզի հետագայում մասնավորեցվի ազատ, իրավական, մրցակցային եղանակով:
  10. Հիմնել հատուկ մարմին` անկախ դատախազի հաստատություն, որը կնշանակվի խորհրդարանի կողմից եւ որի իրավասությունների մեջ կմտնի պետական ու հասարակական շահի ոտնահարման դեպքերում քրեական գործերի հարուցումը.
  11. Փոփոխություններ եւ լրացումներ իրականացնել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում` վերացնելով ՀՔԾ-ի կախվածությունը դատախազությունից:
  12.  Փոփոխություններ եւ լրացումներ իրականացնել «Վերահսկիչ պալատի մասին», «Դատախազության մասին» օրենքներում` մեծացնելով Վերահսկիչ պալատի դերը եւ սահմանելով դատախազության պարտականությունը` գործ հարուցելու հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ.
  13.  «Արդարադատությունից» անարդարացիորեն տուժած քաղաքացիների վնասները փոխհատուցել ակնհայտորեն անարդար դատական ակտ հրապարակած դատավորի անձնական գույքի եւ ունեցվածքի հաշվին:
  14.  Իսպառ բացառել իշխանության հետ օլիգարխների, խոշոր բիզնեսի այլ ներկայացուցիչների սերտաճումը, հիմնաքանդել արհեստական մենաշնորհները, բացահայտել ու պատասխանատվության ենթարկել բոլոր մակարդակներում անձնական, ընտանեկան կամ կուսակցական նպատակով պաշտոնական դիրքի չարաշահող անձանց:
  15. Հակամրցակցային գործարքից, դեմպինգից, այլ հակաօրինական գործողություններից տուժած ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների եւ քաղաքացիների կորուստները դատական կարգով ամբողջապես փոխհատուցել այդ գործողություններն իրականացրած ձեռնարկությունների եւ անհատ ձեռներեցների հաշվին:
  16.  Բացառել Ազգային ժողովում ընդունվող օրենսդրության վրա գործարար շրջանակների ազդեցությունն ու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց առկայությունը խորհրդարանում, ինչպես նաեւ պաշտոնից հեռացնել մասնավոր շահ հետապնդող պաշտոնյաներին:
  17.  Ընդունել ու կիրառության մեջ դնել փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը թեթեւացնող, բիզնեսին հարկային ահաբեկչությունից ու կամայականությունից զերծ պահող հարկային պարզեցված օրենսդրություն:
  18.  Վերանայել ՀՀ գործող օրենսդրությունը` կոռուպցիոն ռիսկերին վերաբերող դրույթների վերացման եւ պատասխանատվության հստակ նորմերի սահմանման, ինչպես նաեւ ԳՐԵԿՕ-ի (Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբ) պահանջների կատարման լույսի ներքո:
  19.  Վերանայել «Գնումների մասին» օրենքը` պետական ու համայնքային ենթակայության հաստատությունների կարիքների համար հայտարարվող մրցույթների արդարության, թափանցիկության եւ օրինականության ապահովման նպատակով:
  20. Օրինական հարկային վարչարարության միջոցով բարեխիղճ հարկատուներին ապահովագրելով կրկնակի հարկումից եւ մաքսային վճարումներից, որոնք գանձվում է անբարեխիղճների բացը լրացնելու համար: Այդ նպատակով անհրաժեշտ է ամբողջապես փոխել Հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին` հարեւան Վրաստանի օրինակով:
  21.  Օրենսդրորեն սահմանափակել գործարարների կողմից մաքսային բրոքերներին կատարվող հսկայածավալ վճարումները:
  22. Կատարելագործել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի, էթիկայի հանձնաժողովի, ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի ու եկամուտների հայտարարագրման ինստիտուտները, ինչպես նաեւ լրամշակել Քրեական օրենսգիրքը տնտեսական հանցագործությունների մասով:
  23.  Խստացնել օրենսդրությունը` մենաշնորհային տնտեսության վերացման նպատակով, փոփոխություններ եւ լրացումներ առաջարկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ հարակից այլ օրենքներում:
  24.  Գործող օրենքների կիրառմամբ` ստվերային տնտեսության մեջ գտնվող օլիգարխներին եւ խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերելու գործընթացի շնորհիվ արդեն 2013թ. հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում 17%-ից` 23%-ի, ինչը թույլ կտա լրացուցիչ բյուջե մուտքագրել մոտավորապես 245 մլրդ դրամ (շուրջ $ 625 մլն):
  25.  Ավտոմեքենաների տեխնիկական վիճակի կազմակերպումն ու վերահսկողությունը օրենքով ամրագրել դրանք ապահովագրող ընկերությունների վրա:
  26.  Հակակոռուպցիոն ռազմավարության նոր հայեցակարգի մշակում եւ ընդունում` քաղաքացիական հասարակության լայն ներգրավվածությամբ:

Նախորդ հոդվածը‘Եվս մեկ զոհ և մեկ պատանդ Սիրիայում ‘
Հաջորդ հոդվածը‘«Չենք լռելու». Նախարարի պարգևին արժանացած զինվորը մահամերձ է. նրան հորդորել են ՊՆ-ի վրա հույս չդնել (տեսանյութ)’