‘Ժառանգություն. ԵՏՄ անդամակցության շուրջ տարաձայնությունները Շարժման վրա չեն կարող ազդել ‘

1345

ԵՏՄ անդամակցության հարցի շուրջ միասնական ընդդիմության ներսում առկա տարաձայնությունները ոչ մի ազդեցություն չեն ունենա գալիք հանրահավաքի վրա, որովհետեւ ընդդիմությունը համագործակցում է իշխանափոխության հարցի շուրջ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Այն, որ տարաձայնություններ կան, գաղափարախոսության տարբերություններ կան, դա ակնհայտ է, եւ մենք դրա մասին մեկ անգամ չէ, որ ասել ենք: Ակնհայտ է, որ մենք (Ժառանգությունը-խմբ.) դեմ ենք Եվրասիական տնտեսական միությանը, կողմ ենք, որպեսզի Հայաստանը ասոցացման պայմանագիր ստորագրի ԵՄ հետ, որովհետեւ այդ պարագայում մենք ոչ թե մեր անկախության մասնաբաժին էիք կորցնում, այլ դա փոխադարձ համաձայնեցված պայմանագիր պետք է լիներ», — ասաց նա:

Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ Քառյակն ի սկզբանե ձեւավորվել է գազի սակագնի բարձրացաման հարցի դեմ, այնուհետեւ հարցերի շրջանակն ընդլայնվեց, դարձավ12 կետ, հետո` սահմանադրական փոփոխությունների դեմ միասնական դիրքորոշում ձեւավորվեց:

«Եւ վերջապես, եկել ենք մի հանգրվանի, որ գոյություն ունեն քաղաքական պահանջներ, ի դեմս իշխանափոխության, Եռյակի բոլոր ուժերնէլ կողմ են իշխանափոխությանը: Պետք է ուղղակի այս պահին արդեն ճանապարհային քարտեզն ընդունենք: Որովհետեւ մեր պատկերացումները տակտիկական առումով կարող են մի փոքր տարբեր լինել, բայց փոխադարձ քննարկումների արդյունքում, կարծում եմ կկարողանանք համաձայնության գալ», — ասաց Մարտիրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Պուտինն այցելել է իր «հին ընկեր» Բեռլուսկոնիին’
Հաջորդ հոդվածը‘Երեք տարվա ընթացքում ԵՄ-ում ստրկավաճառության զոհ է դարձել 30 հազար մարդ’