‘Ժիրայր Լիպարիտյան. Այլիսլիի շուրջ կատարվողն ապացուցում է, որ հայերը չեն կարող անվտանգ զգալ այսպիսի Ադրբեջանում’

879

Այն, ինչ Ադրբեջանում կատարվում է արձակագիր Աքրամ Այլիսլիի եւ նրա «Քարե երազներ» գրքի շուրջ, ցնցող է եւ թեւաթափ անող», — Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում նշել է 90-ականներին Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Ժիրայր Լիպարիտյանը: 

Երկար տարիներ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների առանցքային մասնակիցներից մեկը հանդիսացած Լիպարիտյանի խոսքով` Այլիսլիի հետ տեղի ունեցածը  առնվազն տարօրինակ է:
«Իրոք պարադոքսալ է, երբ մարդիկ, ովքեր գրողին մեղադրում են, թե նա իր վեպում դաժանություններ է վերագրել ադրբեջանցիներին, իրենք են հանդես գալիս ֆիզիկական հաշվեհարդարի, ավելի կոնկրետ` ականջ կտրելու կոչերով: Այս նույն խմբերն էին, կամ կառավարությունը, որ դրան զուգահեռ հերոսացնում էին ադրբեջանցի սպային, ով կացնահարել էր քնած հայ զինվորականին», — նշում է Լիպարիտյանը:

Նրա խոսքով` Այլիսլիի շուրջ ծագած պատմությունը կարող է բավական խորը ազդեցություն ուենենալ նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման ողջ ընթացքի վրա:

«Ադրբեջանը պնդում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, եւ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի գերիշխանությունը, դառնան Ադրբեջանի քաղաքացիներ: Դրա հետ մեկտեղ, սակայն, ադրբեջանցի պաշտոնյաները մեկին հերոսացնում են հայի սպանելու համար, մեկ ուրիշին հալածում` իր ստեղծագործության մեջ հայերին նորմալ մարդկային հատկություններով օժտելու պատճառով: Նման պայմաններում չեմ կարող չհարցնել Ադրբեջանի ղեկավարներին` ինչպե՞ս եք պատկերացնում ղարաբաղցիների կողմից ադրբեջանական գերիշխանությունն ընդունելը: Տեղի ունեցածն այն իրողության ապացույցն է, որ հայերը չեն կարող անվտանգ զգալ իրենց այդպիսի Ադրբեջանում», — ասում է Լիպարիտյանը:

Այլսիլիի շուրջ ծագած աղմկալի պատմության ֆոնին Ժիրայր Լիպարիտյանը նաեւ խորհուրդ է տալիս հավասարության նշան չդնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

«Չեմ կարծում, որ իրավիճակը Հայաստանում նույնն է, ինչ Ադրբեջանում: Ի վերջո, Ադրբեջանն է ռազմական հակամարտության պարտված կողմը, եւ այդ երկրում ցասումն ավելի ուժեղ է, դիմացինին ըմբռնումով մոտենալը` ավելի դժվարին: Բայց ամենավատը, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանի հետ, ոչ թե հակամարտության ընթացքում կրած պարտությունն է, այլ այն, որ երկիրն ի  վիճակի չէ վերհանել պարտության իրական պատճառները: Բացի այդ, Ադրբեջանի մոտեցման մեջ հակասություններ կան Ղարաբաղի եւ հայերի նկատմամբ քաղաքականության մշակման հարցում», — նշում է Լիպարիտյանը` պնդելով. — «Ակնհայտ է, որ մենք այլեւս չեն տեսնում խնդրի քաղաքական ձեւակերպումը: ԴՆԹ կամ գենետիկական  անալիզ անցկացնելու կոչերով խնդիրը մտնում է ռասիստական հարթություն»:

Այս ամենի ֆոնին հայ վերլուծաբանը բավական հոռետեսորեն է նայում տարածաշրջանային զարգացումներին:

«Լավագույն դեպքում իրավիճակը կշարունակի նույն կերպ զարգանալ` հյուծելով մեր հասարակություններն ու կառավարման համակարգերը: Վատթարագույն սցենարը ռազմական գործողությունների եւս մեկ շրջափուլն է` հավասարապես ծանր հետեւանքներով երկու կողմերի համար էլ: Այդ պարագայում նշանակություն չի ունենա` ով է հաղթողը, եթե, իհարկե, հաղթող ընդհանրապես լինի», — ընդգծում է Լիպարիտյանը:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի իրավաբանն այսօր եւս մեկ հայց կներկայացնի ՍԴ’
Հաջորդ հոդվածը‘Մկրտիչ Մինասյան. Այլևս չի կարելի թողնել, որ կտոր-կտոր քաղաքից հանվեն քաղաքի պատմության էջերը’