‘ԺՀԿ Արմավիրի կառույցի ղեկավարը դուրս է գալիս կուսակցությունից՝ ՀԱԿ կուսակցությանը միանալու համար’

1581

Հայ ազգային կոնգրեսի Մեծամորի տարածքային կառույցի ղեկավար Մերուժան Աբրահամյանը, ով 2000 թվականից «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության անդամ է, կուսակցության քաղխորհրդի անդամ, օրերս տեղեկացրել է իր կուսակցությանը, որ մեկ շաբաթվա ընթացքում դուրս կգա ԺՀԿ-ից եւ կանդամագրվի նոր ստեղծվող՝  «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը:

iLur.am-ի հետ զրույցում Աբրահամյանը նշեց, որ ինքը՝ որպես ԺՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար, արդեն զրուցել է կուսակցության տարածքային կառույցի անդամների հետ, որոնց հետ ինքը աշխատել է երկար տարիներ, եւ նրանց հետ որոշում են կայացրել միանալ ՀԱԿ կուսակցությանը: Աբրահամյանը նշեց, որ մինչեւ ՀԱԿ հիմնադիր համագումարի օրը՝ մարտի 22-ը, իրենց ակտիվից առնվազն 50-60 հոգի արդեն անդամագրված կլինեն Կոնգրեսին, իսկ արդեն հետո, համոզմունք հայտնեց, որ նրանց թիվը կանցնի հարյուրը: Աբրահամյանը տեղեկացրեց, որ ինքն այսօր արդեն այցելել է Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ, վերցրել է կուսակցությանն անդամագրվելու ձեւաթղթերը, եւ առաջիկա շաբաթվա ընթացքում կհավաքի ակտիվի նիստ, որտեղ էլ կքննարկվի կուսակցությանն անդամագրվելու հարցը:

ԺՀԿ-ից դուրս գալու եւ Կոնգրեսին միանալու որոշումը պարոն Աբրահամյանը բացատրեց իրենց կուսակցությունում վերջերս արձանագրված կոնֆլիկտով՝ կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի եւ քաղխորհրդի անդամներ Ղուկաս Մեհրաբյանի եւ Պետրոս Գեւորգյանի միջեւ: Աբրահամյանը նշեց, որ չնայած ինքը ԺՀԿ քաղխորհրդի անդամ է, այդ կոնֆլիկտների պատճառով չի ցանկացել որպես քաղխորհդի անդամ մասնակցել կուսակցության վերջին համագումարին՝ որոշելով մնալ  որպես ԺՀԿ շարքային անդամ: Սակայն, նրա խոսքով, այն բանից հետո, երբ ԺՀԿ-ն հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու եւ ստեղծվելիք Կոնգրես կուսակցությանը չմիանալու մասին, ինքը որոշեց դուրս գալ ԺՀԿ-ից:

«Մեր կուսակցությունը՝ ԺՀԿ-ն, այսօր չի կանգնում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին եւ չի միանում նոր ստեղծվելիք կուսակցությանը: Իսկ ինձ համար, որպես ընդունելի եւ խարիզմատիկ գործիչ, շարունակում է մնալ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ այսօր բացի Կոնգրեսից՝ այլ ավելի ազդեցիկ ուժ չկա, որը ընդդիմություն է»,- հայտարարեց Աբրահամյանը՝ այդպիսով հիմնավորելով իր անհամաձայնությունը ԺՀԿ-ի հետ: 

 

Նախորդ հոդվածը‘Հ. Աբրահամյանը Ր. Հովհաննիսյանին առաջարկել է գլխավորել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Կարող ենք երկրորդ տեղ գրավել’