‘ԺՀԿ հիմնադիր անդամները Պետրոս Մակեյանից պահանջում են մի քանի հարցերի պատասխանել’

1014

«Ժողովրդավարական հայրենիք կուսակցության մի շարք հիմնադիր անդամներ հայտարարություն են տարածել՝ պահանջելով «14 տարի կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրած» Պետրոս Մակեյանից՝ պատասխանել մի քանի հարցերի: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

Մենք՝ ԺՀԿ հիմնադիր անդամներս, ծանոթանալով 14 տարի կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրած Պ. Մակեյանի՝ վերջին մի քանի տարիների գործունեությանը, մեր զարմանքն ու վրդովմունքն ենք արտահայտում նրա կողմից իրականացվող մի շարք անօրեն գործողությունների համար, մասնավորապես, կուսակցության հիմնադիր անդամներ Ղուկաս Մեհրաբյանին եւ Պետրոս Գեւորգյանին կուսակցությունից հեռացնելու, ինչպես նաեւ՝ կուսակցությանը գրասենյակից զրկելու համար:

Պ. Մակեյանից պահանջում ենք՝

  1. ի՞նչ իրավունքով եք 2006 թվականին չեղյալ համարել կուսակցության 320 քմ եւ 99 տարի ժամկետով կնքված գրասենյակի վարձակալության պայմանագիրը եւ հետին թվով կնքել նոր պայմանագիր 6 տարի ժամկետով, որի պատճառով լուսակցությունը զրկվել է գրասենյակից:
  2. Պարզաբանել, թե ինչու 31.05.2006թ. կնքել եք ենթավարձակալության պայմանագիր ՀՀ ՍԱՊՀ Արաբկիրի տրածքային կենտրոնի հետ եւ նրանց տնօրինությանը հանձնել գրասենյակի 170 քմ տարածքը, բայց քաղխորհրդում գրասենյակը վարձակալության տալու որոշում է ներկայացվել մոտ 7 ամիս անց՝ 2006թ. դեկտեմբերի 6-ին, այն էլ՝ 52,8 քմ տարածքի համար:
  3. Ենթավարձակալության 31.05.2006-29.10.08թթ. տարիներին կենտրոնի կողմից կուսակցության հաշվին է փոխանցվել 21 միլիոն 480 հազար դրամ: Այդ ծախսերը հիմնավորելու համար դուք ներկայացրել եք միայն 2007թ. կուսակցության տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որտեղ, օրինակ՝ նշված է, թե կատարվել է 5 միլիոն 330 հազար դրամի ընտրական ծախսեր: Պահանջում ենք ներկայացնել կոնկրետ փաստեր՝ նշելով կոնկրետ անուններ եւ կառույցներ, թե ովքեր եւ ինչ կառույցների միջոցով են այդ ծախսերն իրականացրել:
  4. Հիմնավորել, թե կոնկրետ ինչ «կազմաքանդումներ», «պատվերներ», կուսակցությունը «բռնազավթելու» եւ «ուզուրպացնելու» փորձեր են կատարվել, որ այդ փաստերով կուսակցությունից հեռացվել են կուսակցության հիմնադիր ու քաղխորհրդի անդամներ, հարգանք ու հեղինակություն վայելող Ղ. Մեհրաբյանն ու Պ. Գեւորգյանը:

Եթե   մենք այս հարցերի օրինական պատասխանները չստանանք, մենք համարելու ենք, որ դուք հանցագործություն եք կատարել ընդդեմ կուսակցության եւ դիմելու ենք համապատասխան մարմինների:

ԺՀԿ հիմնադիր անդամներ Հայկ Աբրահամյան, Վիլյամ Սրապիոնյան, Ռոմիկ Փիլոսյան, Մարգարիտ Մանուկյան, Արամ Գրիգորյան, Արթուր Հովհաննիսյան:

 

 

Նախորդ հոդվածը‘«Սիվիլիթաս». Հիմնադրամի նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառ ունի’
Հաջորդ հոդվածը‘Վոլոչկովան պատմել է, թե ինչպես են բալետի պարուհիներին ստիպում սեռական ծառայություններ մատուցել մեծահարուստներին’