‘ԺՀՄԻԳ -ը ներկայացրել է Հայաստանում միգրանտների ինտեգրման քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություն’

589

Հայաստանում մի շարք օրենքներ և քաղաքական որոշումներ կոչված են նպաստելու միգրանտների ինտեգրմանը հասարակության մեջ, սակայն լրացուցիչ քայլեր կարող են ձեռնարկվել՝ հետագա բարեփոխումներ ապահովելու համար՝ եզրակացնում է գնահատման զեկույցը, որը պատրաստվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից՝ «Միգրացիոն քաղաքականության խումբ» (Migration Policy Group) ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ և որը հանրությանը ներկայացվեց 2013թ. հոկտեմբերի 23-ին Երևանում:

Գնահատման մեջ նշվում է, որ մշտական բնակության համար դիմելու և տեղական ընտրություններում քվեարկելու իրավունքից օգտվելու, ինչպես նաև երկքաղաքացիություն ստանալու հնարավորությունը օգնում են միգրանտներին և Հայաստանում նրանց միացած ընտանիքների անդամներին ինտեգրվել:

Միևնույն ժամանակ գնահատման զեկույցը եզրակացնում է, որ խտրականության բացառման օրենքի և հավասարության խթանմանը նպաստող անկախ գործակալության բացակայությունը մարտահրավերներ է առաջացնում ներգաղթողների համար: Հաճախ նաև զգացվում է պետական նպատակային աջակցության պակաս՝ օգնելու ներգաղթածներին գտնել աշխատանք, ներգրավելու նրանց քաղաքական որոշումների կայացման գործընթացներում, իսկ  նրանց երեխաներին՝  կրթական համակարգում:

«Նկատի ունենալով դեպի Հայաստան և Հայաստանից բնակչության տեղաշարժի խնդիրների կարևորությունը՝ այս զեկույցը պետք է օգտակար գործիք դառնա՝  պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ որոշելու միգրացիոն կառավարման ոլորտում մեր հետագա գործունեության ուղղությունները», — նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը զեկույցի շնորհանդեսին նվիրված քննարկման ընթացքում:

«Միգրանտների ինտեգրման աջակցությունը դեռևս համեմատաբար նոր երևույթ է ԵԱՀԿ մասնակից շատ պետությունների համար», — նշել է ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի տեղակալ Նատալի Թագվերքերը. «Այս զեկույցը Հայաստանի իշխանություններին տրամադրում է օրենսդրության հետագա զարգացման և բարելավման,  ինչպես նաև՝ միգրանտների ինտեգրման ոլորտում քաղաքական կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու լավ հիմքեր՝ ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան»:

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի’
Հաջորդ հոդվածը‘Գործազուրկներին կզրկեն նպաստից, պաշտոնյաների աշխատավարձերը` կավելացնեն’