‘ԺՀՄԻԳ. տեղամասերում, որտեղ ավելի բարձր մասնակցություն է գրանցվել, ավելի շատ ձայն է ստացել Սերժ Սարգսյանը ‘

2050

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է նախագահական ընտրությունների վերաբերյալ 3-րդ միջանկյալ զեկույցը, չնայած նրան, որ փետրվարի 19-ին հրապարակված նախնական զեկույցում նշվում էր, որ ԺՀՄԻԳ հաջորդ զեկույցը կհրապարակվի 8 շաբաթ անց, եւ որեւէ խոսք չէր գնում 3-րդ միջանկյալ զեկույցի մասին:

Այս զեկույցում, որտեղ ընդհանուր ներկայացված են ընտրական գործընթացներին առնչվող իրադարձությունները, մի ուշագրավ հատված կա, որը վերաբերվում է Սերժ Սարգսյանի օգտին գրանցված արդյունքներին:

«ԿԸՀ-ի կողմից հրապարակված վերջնական պաշտոնական արդյունքների` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ վերլուծությունը ցույց է տալիս, որ սերտ կորրելյացիա կա ընտրողների մասնակցության եւ գործող նախագահի ստացած քվեների միջեւ: Այն տեղամասերում, որտեղ ավելի բարձր մասնակցություն է գրանցվել, ավելի շատ ձայն է ստացել Սերժ Սարգսյանը: 1988 ընտրատեղամասերից 1746-ը ունեցել են 300-ից ավելի գրանցված ընտրողներ: Նրանցից 144-ում  ընտրատեղամասերում մասնակցությունը գերազանցել է 80 տոկոսը, ինչը անհավանական բարձր է թվում: Նրանցից 115-ում գործող նախագահը ստացել է ավելի քան 80 տոկոս ձայն: 303-ից 198 տեղամասերում, որտեղ մասնակցությունը կազմել է 70-80 տոկոս, գործողը ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը: 249 տեղամասերում որտեղ մասնակցությունը կազմել է 50 տոկոսից ցածր, Սարգսյանը ստացել է ավելի քան 50 տոկոս քվե` դրանցից 40 տեղամասերում, Հովհաննիսյանը` 50-ից ավելի տոկոս քվե` դրանցից 155 տեղամասերում:  

Սերժ Սարգսյանին օգտին գրանցված բարձր արդյունքների այս տենդենցը, որը նկատվել է հիմնականում բարձր մասնակցություն գրանցած տեղամասերում, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս` ամբողջ ընտրական գործընթացի նկատմամբ վստահության հարցում»,- գրված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի քիչ առաջ հրապարակված զեկույցում: Ի դեպ, նշենք, որ առաջին անգամն է, որ ԺՀՄԻԳ-ը ընտրությունների վերաբերյալ գնահատական է տալիս սեփական վերլուծությունների հիման վրա: 

Նախորդ հոդվածը‘ԱՆ. Հանրապետությունում նկատվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնային բարձրացում’
Հաջորդ հոդվածը‘Ֆլորիդա նահանգի բնակիչը մահճակալով հանդերձ մնացել է հողի տակ’