‘
Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել Պորտուգալիայի հավաքականի և ֆրանսիական «Մոնակոյի» կիսապաշտպան ժոաո Մոուտինյոն.
«Մենք պետք է պաշտպանվենք և հարձակվենք ողջ թիմով, անկախ նրանից, թե ինչ մարտավարական սխեմայով ենք խաղալու: Վերջին շաբաթվա ընթացքում հենց սրա վրա ենք աշխատել, որպեսզի հնարավորինս պատրաստ լինենք վաղվա հանդիպմանը: Եթե չխաղանք ամբողջ ուժով, կորցնենք զգոնությունը, չենք կարողանա դրական արդյունքի հասնել:
Ինչ վերաբերում է մեր մարտավարությանը, ապա այդ հարցին ավելի ճիշտ կլինի, որ պատասխանի մարզիչը: Յուրաքանչյուր հանդիպում հատուկ մոտեցում է պահանջում:
Հայաստանի հավաքականի խաղաոճը տարբերվում է Դանիայի խաղաոճից: Սակայն կարելի է ինչ-որ չափով պատկերացում կազմել և կառուցել սեփական խաղը: Գիտեմ մի բան, որ անելու ենք ամեն ինչ հաղթանակի հասնելու համար:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նման մրցակիցները հիմնականում պաշտպանվում են ողջ կազմով և դիմում են կտրուկ հակագրոհների: Մենք չպետք է թույլ տանք մրցակցին արագ հակագրոհներ կազմակերպել, պետք է հենց առաջին րոպեներից առաջ նետվենք և փորձենք հնարավորինս արագ աչքի ընկնել: Միևնույն ժամանակ պետք է համբերատար լինել և սպասել մեր հնարավորությանը»,- ասել է կիսապաշտպանը:
‘