‘
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ պահպանվող ստատուս-քվոն չի կարող երկար շարունակվել: Միջազգային հանրությունը պետք է հնարավորինն անի միջազգային սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ԱԴԱ համալսարանում «Եվրամիություն-Ադրբեջան. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայի շուրջ ելույթի ժամանակ: Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ցավոտ խնդիր է Ադրբեջանի համար: «Չնայած հրադադարի ռեժիմի հաստատումից 20 տարի է անցել, դեռևս խաղաղություն չկա: Մենք ցանկանում ենք, որ կողմերը խաղաղ համաձայնության գան և աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն այդ ուղղությամբ: Մենք պետք է հնարավորինն անենք` հարցը միջազգային սկզբունքների հիման վրա լուծելու համար», — նշել է նա:
Նշելով, որ Եվրամիությունը հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի ինքնիշխան իրավունքներին, Բարոզուն ընդգծել է, որ գործընկերությունը խաղաղության և բարօրության վրա է հիմնված: Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե ճիշտ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելու համար մեղադրել Եվրամիությանը: Նա հավելել է, որ այդ հակամարտությունն ստեղծվել է այլ ուժերի կողմից:
‘