‘Ժոզե Մոուրինյոն. «Ինձ ուրախացնում է մթնոլորտը մեր թիմում»’

2272

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թուրքական «Գալաթասարայի» դեմ ընկերական հանդիպումից հետո ամփոփել է հուլիսին կատարած աշխատանքը, փոխանցում է ակումբի  կայքը:

«Ամենակարեւորը բոլոր խաղացողներին խաղաժամանակ տրամադրելն է այս փուլում: Մենք մեկ շաբաթ կորցրեցինք Չինաստանում եւ այժմ քիչ ժամանակ ունենք մինչեւ մրցաշրջանի մեկնարկը: Հաջորդ հանգստյան օրերին «Լեսթերի» դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղն է, երկու շաբաթ հետո էլ մեկնարկում է Պրեմիեր լիգան: Աշխատանքի, փոփոխությունների, նոր գաղափարների իրագործման համար կարճ ժամանակահատված է: Ամեն ինչ անում ենք աստիճանաբար, բայց փաստն այն է, որ ժամանակը քիչ է: Միակ լուծումը ծանր մարզումներն են: Բոլոր խաղացողներն էլ կատարելագործվելու տեղ ունեն:

Ես ուրախ եմ այն սխալների համար, որ տեսնում ենք խաղադաշտում, քանի որ մենք հասկանում ենք, թե ինչի վրա պետք է աշխատենք: Ինձ ուրախացնում է թիմային ոգին, թիմում տիրող մթնոլորտը:

Կազմը չափազանց մրցակցային է, բոլոր խաղացողների անհրաժեշտությունն էլ կզգացվի: Պրեմյեր լիգայում ունենալու ենք 38 հանդիպում, հնարավոր է՝ 15 հանդիպում էլ Եվրոպայի լիգայում, դրանց գումարած Անգլիայի գավաթային խաղերը: Մենք անցկացնելու ենք մոտ 60 հանդիպում, եւ հնարավոր չէ դա անել 11 խաղացողներով: Պետք է հասկանալ, որ ամեն ինչ արվում է թիմի եւ ակումբի համար: Թիմն ավելի կարեւոր է, քան անհատական հավակնությունները՝ խաղաս մեկ րոպե, թե 90 րոպե»,- ասել է Ժոզե Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Շվեդիայում տեղի ունեցած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Գալաթասարային» հաղթել է 5:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական թիմի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ընդմիջմանը:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի ֆուտբոլային մարզիչների լավագույն հնգյակը’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյու․ «Միկին և Զլատանը փորձառու ու շփվող ֆուտբոլիստներ են»’