‘Ժողովուրդը գալիս է պայքարելու ոչ թե ՀԱԿ-ի, այլ` սեփական իրավունքների, իր երկրի, իր պետության համար’

1655

iLur.am-ի հետ զրույցում ասում է Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, նկարիչ Վահրամ Հարությունյանը:

Ինչպե՞ս եք վերաբերվում Հայ Ազգային Կոնգրեսը կուսակցություն դարձնելու նախաձեռնությանը, Ձեր կարծիքով, որքանով է այն արդյունավետ:

— Ես ողջունում եմ այդ որոշումն ու ցանկանում եմ հայտարարել այդ նախաձեռնությանը միանալու մասին: Սովորաբար կարծիք կա, թե արվեստագետը չպետք է լինի որեւէ կուսակցության անդամ, դա խորհրդային տարիներից եկած բան է: Ես այդ կարծիքը չեմ ընդունում: Իմ կարծիքով, երկրի անվտանգությունն այսօր կախված է նաեւ նրանցից, ովքեր կուսակցության անդամ են, քաղաքականությամբ են զբաղվում: Ընդհակառակը, անտարբերությունն ավելի վտանգավոր է: Նույն Պիկասոն ժամանակին եղել է կուսակցության անդամ: Եթե երկիրդ կոմայի մեջ է, ինչպես կարող ես միայն արվեստով զբաղվի, չհետաքրքրվելով երկրի ճակատագրի մասին: Երբ ծնողներդ հիվանդ են, չես կարող ասել, թե ես գնամ, գլուխս կախ նկարեմ: Չի լինում այդպես: Այսօր երկիրը պատերազմական վիճակի մեջ է, եւ պետք է ամեն ինչ անել, որ երկիրը ճիշտ ճանապարհով ընթանա:

— Իսկ ՀԱԿ կուսակցության ստեղծումն ի՞նչ կտա, ինչո՞ւ եք կողմնակից այդ գաղափարին:

— Որոշ կուսակցություններ ինչ-ինչ պատճառներով ՀԱԿ-ից դուրս եկան, եւ շատերը այդ կուսակցություններից դուրս եկան` մնալով ՀԱԿ-ի կազմում: Ու հիմա, երբ ՀԱԿ-ը դառնա կուսակցություն, այդ մարդիկ դառնալով կուսակցության անդամ, ավելի կանոնակարգված գործունեություն կծավալեն: Ես ժամանակին եղել եմ Հայաստանի լիբերալ կուսակցության հիմնադիրներից մեկը, բայց երբ այդ կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից, ես էլ այդ կուսակցությունից դուրս եկա` մնալու համար ՀԱԿ կազմում:  Ժամանակն էլ ցույց տվեց, որ ՀԱԿ-ը միակ ընդդիմադիր ուժն է, ամենաուժեղը, որ դիմացավ բոլոր ճնշումներին ու հալածանքներին: Ու եթե ՀԱԿ-ը դառնա կուսակցություն, կլինի մոնոլիտ, ավելի հեշտությամբ կլուծվեն շատ խնդիրներ. ինչպես գիտեք` ՀԱԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, ու որոշ ուժեր խոչընդոտներ են ստեղծում կոնսեսուսի չհասնելու համար: Հիմա, երբ ՀԱԿ-ը դառնա կուսակցություն, այն կլինի մոնոլիտ: Ես կոչ եմ անում մարդկանց ակտիվորեն ներգրավվել այդ աշխատանքին ու դառնալ այդ կուսակցության անդամ: Ինչպես ասել է Ղազար Փարպեցին, մեղավոր են ոչ միայն գործողները, այլեւ նրանք, ովքեր հանդուրժում են:

— ՀԱԿ-ի կազմում կան կուսակցություններ, որոնք հայտարարել են, որ չեն լուծարվի ու դառնա այդ կուսակցության անդամ, ավելին` այսօր միայն ՀՀՇ-ն է ողջունել այդ գաղափարը:

— Այն կուսակցությունները, որոնք երկար տարիների փորձ ունեն, կայացած են, չեն ուզում իրենց կուսակցությունը լուծարել, ՀԱԿ-ի կազմում մտնել, կարող են պարզապես համագործակցել ՀԱԿ-ի հետ: Օրինակ` Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն, կամ ՍԴՀԿ-ն: Իսկ փոքր կուսակցություններն իրենց շահից ելնելով ճիշտ կանեն ՀԱԿ-ի անդամ դառնան:

Գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ը վերջերս կորցրել է իր ընտրազանգվածի մի մասը` օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Ինչ եք կարծում` ՀԱԿ կուսակցության ստեղծմամբ արդյոք կհաջողվի՞ կրկին միավորել այդ ընտրազանգվածին:

— 5-րդ դարի պատմիչ Եղիշեն գրել է, որ միշտ կայսրությունները փորձում են փոքր պետությունների մեջ վատը բարձրացնել վերեւ, լավը թողնել ներքեւում, որ միշտ վատն իշխի: Պարզ է, որ ՀԱԿ-ը լինելով միակ ընդդիմադիր ուժը, ներքին ու արտաքին շատ ուժեր կփորձեն ՀԱԿ-ը հնարավորինս թուլացնել: Ինչ-որ տեղ, շատ քիչ առումով դա ստացվել է: Բայց մենք դիմակայել ենք այդ փորձություններին, շարունակում ենք դիմակայել: Վերելքներն ու վայրէջքները միշտ էլ կլինեն քաղաքականության մեջ, բոլոր կուսակցությունների հետ էլ նման բան կարող է կատարվել: Ու հիմա, եթե ՀԱԿ-ը մեկ կուսակցություն դառնա, այ, հնարավոր է, նաեւ որոշ հիասթափված մարդկանց էլ ետ բերի: Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ժողովուրդը կրկին ետ է գալու: Ի վերջո, ժողովուրդը գալիս է պայքարելու ոչ թե ՀԱԿ-ի, այլ` սեփական իրավունքների, իր երկրի, իր պետության համար:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Ամռանը կհրատարակվեն Ֆրենկ Լեմպարդի առաջին մանկական պատմվածքները’
Հաջորդ հոդվածը’81 քաղաքացի միացել է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնող խմբին’