‘Ժողովրդագիր. Տարեկան կորցնում ենք բնակչության 1 տոկոսը’

1005

Արտագաղթի դերակատարումը ծնելիության, մահացության, ամուսնությունների հարցում կազմում է ընդամենը 25 տոկոս, մնացած գերակշիռ մասն այն իրողությունների հետևանք է, որը մեզ մոտ ձևավորվել ու արմատավորվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նրա խոսքով՝ բնակչության թվաքանակի առումով արտագաղթի դերն էական է:

«Վերջին 10 տարիների ընթացքում բնակչության արտահոսքի հաշվին 320 000 մարդ գնացել, չի եկել: Դա կազմում է մեր բնակչության մեկնարկային թվաքանակի 10 տոկոսը: Տարեկան բնակչության 1 տոկոսը կորցնում ենք: Ընդ որում՝ մեր տնտեսական գործիչները չեն հասկանում, որ դրանով տարեկան մեր շուկան մի տոկոսով նեղանում է: Սա չի կարող չունենալ տնտեսական հետևանքներ, էլ չասած մնացածի մասին»,- նշեց Եգանյանը:

Օրերս ՀՀ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնել, է որ այսուհետ Հայաստանի սահմանահատումների մասին վիճակագրությունը կհրապարակվի միայն եռամսյակային կտրվածքով, և ոչ ամիսը մեկ: Պատասխանելով iLur.am-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում այս որոշումը, Եգանյանն ասաց, որ իմաստ չուներ էլ ամիսը մեկ այդ տվյալները հրապարակել, քանի որ դա միգրացիոն տեղեկատվություն չէ, ընդամենը տեղեկատվություն է ուղևորահոսքերի մասին:

«Ուղևորները տարբեր տեսակի են լինում, պարտադիր չէ, որ դրանք  միգրանտ լինեն: Լինում են տուրիստներ, գործարար, առողջական ուղևորություն կատարողներ և այլն: Մի ամսվա տվյալները ոչնչի մասին դատելու հիմքեր չեն տալիս: Նույնիսկ եռամսյակայինը հիմքեր չի տալիս: Կարող ես ընդամենը համեմատել նախորդ եռամսյակային տվյալների հետ, արձանագրես, որ, ասենք, մեկնողները ավելացել են, էլի դու չգիտես՝ ինչու են ավելացել, պատճառը, հիմքը որն է»,- նշեց Եգանյանը:

Մեր մյուս հարցին, թե ինչպես է ստացվում, որ արտագաղթի նման տեմպերի դեպքում ընտրությունից ընտրություն ընտրացուցակները մեծանում են, Եգանյանը պատասխանեց, թե դա արվում է օրինականության շրջանակներում:

«Կա իրավական բնակչություն հասկացությունը: Դա այն բնակիչն է, որն ինչ-որ տեղ գրանցված է, ինչ-որ փաստաթղթով ֆիքսված է: Ընտրացուցակները կազմում են իրավական բնակչության թվաքանակից ելնելով: Այդ մարդը, մինչև ինքը չդիմի, որ իրեն գրանցումից հանեն, ոչ մեկն իրեն իրավունք չունի հանելու այդ ցուցակից»,- եզրափակեց նա:

 

Նախորդ հոդվածը‘Վազգեն Սաֆարյան. Կառավարությունը պետք է բանակցի Իրանի հետ՝ գազի ներկրման հարցով’
Հաջորդ հոդվածը‘«Ամեն սև բան Օթելլո չէ, մանչս»’