‘«Ժողովրդավարական հայրենիքի» նախկին անդամը Պետրոս Մակեյանին մեղադրում է գումարներ յուրացնելու մեջ (տեսանյութ)’

915

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության արդեն նախկին փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանին մեղադրում է կուսակցության գրասենյակը ենթավարձակալության տալու ու դրա միջոցով շահույթ ստանալու մեջ: Այս մասին Մեհրաբյանը հայտարարեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը: Նա պատմեց, որ 2006 թվականին Անդրանիկ Մարգարյանի խնդրանքով Պետրոս Մակեյանը կուսակցության Վաղարշյան 12 հասցեում գտնվող գրասենյակը ենթավարձակալության է հանձնել ՀՀ սոցապահովագրության հիմնադրամին ու դրա միջոցով երեք տարվա ընթացքում ստացել է շուրջ 21 միլիոն դրամի շահույթ: Մեհրաբյանը պնդում է, որ կուսակցությունում ոչ ոք տեղյակ չի եղել կայացած գործարքների ու գումարների մասին:

«Որպես կուսակցության քաղխորհրդի անդամ՝ ես բացարձակապես այս գործարքներից տեղյակ չեմ եղել: Ոչ ես, ոչ քաղխորհրդի մեկ այլ անդամ չի տեսել հաշվետվություն, որտեղ գրված է, թե 21 միլիոնը որտեղ է ծախսվել: ՀՀ ոչ մի օրենք չի թույլատրում կուսակցություններին շահույթ հետապնդել: Մակեյանը կուսակցության գրասենյակը ենթավարձակալության է տվել սոցապ հիմնադրամին ու երեք տարվա ընթացքում ստացել է մոտ 21 միլիոն դրամ»,- ասաց Մեհրաբյանը:

Մեհրաբյանի խոսքով՝ իրենք այս գործարքի ու գումարների մասին իմացել են միայն այն բանից հետո, երբ Պետական գույքի կառավարման վարչությունից պատասխանել են Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ վարչապետին հղած նամակին, որում պարզաբանվում են կուսակցության տարածքի վերաբերյալ հարցերը: Մեհրաբյանը կարծում է, որ այստեղ քրեական հանցակազմ կա: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում դիմելու են դատախազություն:

«Հիմա կուսակցությունը գրասենյակ չունի, քաղխորհրդի նիստերը անցկացվում են պատահական վայրերում: Մի օր ՀԺԿ-ում, մի որ «Ազատ դեմոկրատներում», մի անգամ իրենց տանը»,- նշեց Մեհրաբյանը՝ հավելելով, որ կուսակցության  Աջափնյակի գրասենյակի ղեկավարը ևս բողոքել է ու պատասխան պահանջել կենտրոնական գրասենյակի վարձակալմամբ ստացված փողերի համար:

Նախորդ հոդվածը’20 ընտրատեղամասերի ամբողջական վերահսկողություն կիրականացվի’
Հաջորդ հոդվածը‘ԱՆ-ն հայտարարել է, որ Անդրիաս Ղուկասյանից անալիզներ չի վերցրել և հետազոտություն չի կազմակերպել’