‘Ժողովրդավարական հայրենիք կուսակցության փոխնախագահ. Մակեյանի հայտարարություններն անհասկանալի են’

1125

Ժողովրդավարական հայրենիք կուսակցության փոխնախագահ  Ղուկաս Մեհրաբյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է կուսակցության նախագահ՝ Պետրոս Մակեյանի Հայ ազգային կոնգրեսի դեմ ուղղված քննադատությանը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վերջին շրջանում Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը անում է իրարամերժ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք հակասում են ժամանակին մեր կուսակցության որոշումներով հաստատված և անձամբ իր կողմից իրականացրած կուրսին։ Մասնավորապես, նա համարում է, որ Կոնգրեսը չորս սխալ է գործել, երբ 
Ա) 2011 թ. ամռանը երկխոսության է գնացել իշխանության հետ,
Բ) համագործակցության եզրեր է փնտրել ընդդիմադիր համարվող կամ ոչ իշխանական դիրքերից հանդես եկող ԲՀԿ-ի և այլ ուժերի հետ,
Գ) մասնակցել է 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններին,
Դ) որոշել է թեկնածու չառաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում և չպաշտպանել ոչ մի այլ թեկնածուի։
Այս կապակցությամբ, որպես կուսակցության փոխնախագահ և Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի լիազորված անդամ, հարկ եմ համարում ասել հետևյալը.
Ա) Իշխանության հետ երկխոսության գնալու քայլը հավանության է արժանացել մեր կուսակցությունում, իսկ Կոնգրեսի քաղխորհրդի նույն որոշումը ստորագրել է անձամբ Պ. Մակեյանը։ Քաղխորհրդի նույն նիստում Պ. Մակեյանի ներկայությամբ և համաձայնությամբ որոշվել է նաև Կոնգրեսի պատվիրակության կազմը։
Բ) Ինչպես ընդունված է ասել՝ «քաղաքագիտական վերլուծության», այլ խոսքով՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական դիրքերց հանդես եկող կուսակցությունների, մասնավորապես ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը նույնպես քննարկվել է Կոնգրեսի քաղխորհրդում և որոշում է կայացվել այդ հարցը վստահել Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այս որոշումը ևս ստորագրվել է անձամբ Պ. Մակեյանի կողմից:
Գ) Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը, ի թիվս Կոնգրեսի այլ կուսակցությունների, 2012թ. սկզբին նույնպես որոշում է ընդունել մասնակցել ԱԺ ընտրություններին, իսկ մարտ ամսին Պ. Մակեյանը ստորոգրել է այն փաստաթուղթը, որով «Հայ Ազգայն Կոնգրես» դաշինքի մեջ մտնող կուսակցությունները նախընտրական ցուցակի կազմումը վստահել են Կոնգրեսի առաջնորդին։ Պ. Մակեյանը եղել է նախընտրական այդ ցուցակի 18-րդ համարը, ինչպես նաև 36-րդ ընտրատարածքում, որպես Կոնգրեսի մեծամասնական թեկնածու, մասնակցել է ընտրությանը։ ԺՀԿ-ն Կոնգրեսի նախընտրական ցուցակում ունեցել է ևս մոտ մեկ տասնյակ թեկնածուներ, ունեցել է նաև մեծամասնականով առաջադրված մեկ այլ թեկնածու Մեծամորում։
Դ) Վերջին՝ նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու հարցի քննարկմանը Կոնգրեսի քաղխորհրդի նիստին մասնակցել եմ ես, ինչպես միշտ՝նման դեպքերում ունենալով տեղում որոշում կայացնելու լիազորություն։ Այդ լիազորությամբ ես ԺՀԿ-ի անունից ստորագրել եմ այդ որոշումը։
Այս ամենից հետո անհասկանալի են մնում Պետրոս Մակեյանի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի դեմ հարուցած հրապարակային մեղադրանքներն այն հարցերում, որոնք ակտիվորեն պաշտպանել և իր մասնակցությունն է բերել անձամբ ինքը և Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը։ Առավել ևս, երբ 2012թ. դեկտեմբերի 25-ի ԺՀԿ քաղխորհրդում որևէ քննարկում չի եղել նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության կամ հրաժարվելու վերաբերյալ»:

Նախորդ հոդվածը’11-ամյա Ալյոնան քույրերին դուրս է բերել այրվող տնից’
Հաջորդ հոդվածը‘Կոտրել են Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը (լուսանկարներ)’