‘Ի՞նչ արժե «անկախության մարմնացումը»’

1378

Վերջին շաբաթում սենսացիոն իրադարձություն էր ոչ միայն Պ. Հայրկյանի դեմ մահափորձը, այլեւ դրա հետ կապված որոշ յուրահատուկ հանգամանքների շուրջ առաջացած բազմաթիվ հարցերը։ Ստորեւ այդ հարցերն են՝ ի մի բերավծ մամուլից, սոցիալական ցանցերից, կայքերից։

Ա) Հայրիկյանի պատմելով ինքը մեքենայից իջել, գնացել է դեպի տուն, ապա ճանապարհի կեսից վերադարձել է՝ վերցնելու մոռացած պայուսակը։ Պայուսակը վերցնելուց հետո տեսել է իրենից արդեն 20 սմ-ի վրա գտնվող ահաբեկչին։ Այսինքն մեքենային մոտենալու պահին ահաբեկիչը նրանից առնվազն մի 5-6 մ հեռավորության վրա պիտի եղած լիներ։ Եթե ահաբեկիչը պիտի գործեր ոչ թե սառը զենքով, այլ հրազենով, ապա ինչո՞ւ է նա այդքան մոտեցել, ինչո՞ւ չի կրակել շատ ավելի ապահով ու հարմար՝ 1-2 մետրից։ Ինչո՞ւ է նա իր թիրախին այդ կերպ հնարավորություն տվել «շարժումներ անելով» խանգարել ուղիղ կրակել։ Այդ կերպ չէր վարվի ո՛չ պրոֆեսիոնալ քիլլերը, ո՛չ էլ անփորձը։

Բ) Ինչպե՞ս է, որ 20-30 սմ-ից կատարված երկու կրակոցներց մեկը վրիպել է, մյուսի գնդակն անցել է հնարավոր ամենաանվտանգ ճանապարհով, պատճառել հնարավոր նվազագույն վնասը։

Գ) Ո՞վ եւ ինչպե՞ս է անմիջապես տեսանկարահանել մահափորձից հետո մինչեւ հարեւանների իջնելը առաջին վայրկյանները, որը եւ իսկույն հայտնվել է Գագիկ Շամշյանի ձեռքին։

Դ) Ինչո՞ւ է վիրավոր Պ. Հայրկյանը առաջին իսկ վայրկյաններց անտանելի «ցավային շոկ» ներկայացնում, երբ, ըստ բժիշկների, նման ցավեր կարող էին սկսվել միայն 15-20 րոպե անց։

Ե) Ինչո՞ւ հրազենային վերք ստացած մարդուն տեղափոխեցին ոչ թե ամենամոտ հիվանդանոցը, ինչպես հանձնարարելի է բժշկական պրակտիկայում, այլ Նոր Նորքի «սբ. Գրիգոր Լուսավորիչ», որի տնօրենը Սերժ Սարգսյանի խնամին է։

Զ) Ինչպե՞ս է, որ գիշերային մթության մեջ մի քանի րոպե անց գտնվում է թիրախը չխոցած երկրորդ գնդակը։

Է) Ինչպե՞ս է, որ գնդակը մնացել է մարմնի մեջ, երբ 7,62 մմ տրամաչափի զինատեսակից արձակված գնդակը, դիմադրության (ոսկորի) չհանդիպելով, ըստ փորձագետների, պետք է դուրս գար մյուս կողմից։ Ոմանք կարծում են, որ նման արդյունք ստանալու համար կարելի էր փամփուշտի մեջ նախապես պակասեցնել վառոդի քանակը։ Մենք մասնագետ չենք, մասնագետները կասեն, թե որքանով է դա հնարավոր։

Ը) Ինչո՞ւ է ստում Պ. Հայրիկյանի մոտիկ ընկեր Կարո Եղնուկյանը՝ հայտարարելով, թե գնդակը մտել է «կրծքավանդակ` միլիմետրերի տարբերությամբ անցնելով սրտի, թոքի, ոսկորի և արյան անոթների մոտով», այն դեպքում, երբ բժիշկները նշում են միայն աջ ուսի շրջանը։

Թ) Ինչո՞ւ է ստում նաեւ Պ. Հայրկյանը, թե գնդակը կրծքավանդակց մտել, թկունքից դուրս է եկել https://www.youtube.com/watch?v=Ffvsg37offE (2։40-ից), https://www.youtube.com/watch?v=xVimT67R8S4 (2։50-ից)։ Ըստ ՀՀ դատախազության 01.02.2013թ. պաշտոնական տեղեկանքի՝ գնդակը «վիրահատության ընթացքում հանվել է Պարույր Հայրիկյանի մարմնից»։

Ժ) Ինչո՞ւ է Պ. Հայրիկյանը սկզբում հայտարարում, թե իր վրա կրակել են 25-30 մետրից, ապա՝ 20-25 սանտիմետրից։

ԺԱ) 1999թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործությունից անմիջապես հետո, երբ գլխատվել էր ԱԺ-ն եւ կառավարությունը, իշխանությունը շտապ հրապարակ նետեց «մի խումբ ռոմանտիկների» վարկածը։ Ինչո՞ւ այս, դրա համեմատ աննշան դեպքից անմիջապես հետո իշխանական ողջ քարոզչամեքենան անմիջապես առաջ քաշեց «դա արվել է Հայաստանի պետականության դեմ», «դա արվել է Սերժ Սարգսյանի դեմ», «Կրակել են Հայաստանի անկախության վրա» աշխարհացունց վարկածը (եւ ինչո՞ւ Հայրիկյանը, որպես առաջին ջութակ միացավ այս վարկածին)։ Երկրի կառավարությունն ու ազգային ժողովը գնդակահարելը ռոմանտիկա էր, իսկ տարիներով մոռացված Պ. Հայրիկյանին մի թեթեւ քերծելը Հայոց պետականության ու անկախության դեմ ոտնձգությո՞ւն։

ԺԲ) Հայրիկյանը խոսելով իր հարեւանների մասին, ասում է. «Հարեւաններս շատ լավ մարդիկ են, բացի մի այլանդակությունից… նրա մասին հետո կխոսվի,  իմիջայլոց ես չեմ բացառվում որ հենց… լավ, ինչեւէ, ես այդ մասին իրավապահների հետ կխոսեմ….» (Հարցազրույց «Արմնյուզին»)։ Այսինքն՝ հստակ կասկած է հայտնվում, որ հենց այդ «այլանդակ» հարեւանը կարող էր դա արած լինել։ Բայց խոսքի ընթացքում հասկանալով, որ դա որպես մահափորձի կենցաղային տարբերակ կարող է վնասել արդեն շրջանառվող «ազգային-ազատագրական» աշխարհացունց տարբերակին, անմջապես փոխում է խոսքը։ Ինչո՞ւ ավելի քան ուղղակի այս ցուցմունքով «այլանդակ» հարեւանի կենցաղային վարկածին ոչ մեկն ուշադրություն չի դարձնում։

ԺԳ) Ինչո՞ւ է Հայրիկյանի վրա կրակողի ֆոտոռոբոտը կազմվում դեպքից 5 օր հետո, երբ Պ. Հայրիկյանը, ինչպես, բոլորս ենք տեսել, առաջին օրից էլ աշխույժ ու ակտիվ էր, տասնյակ մարդկանց էր ընդունում ու ճանապարհում եւ խոսելու պրոբլեմ չուներ։

ԺԴ) Հայրիկյանն ասում է, որ ինքը կարող էր այս ընտրություններում դառնալ հաղթող. «Այնպես չէ, որ ես վաղը հաղթող թեկնածու էի, բայց վաղը չէ մյուս օրը կարող էի դառնալ, որովհետեւ այն նյութերը, որ մենք ենք մատուցում…»։ Եթե հենվենք սրա վրա, ապա Սերժ Սարգսյանն էլ չէ՞ կարող էր զգալ, հասկանալ, որ «վաղը չէ մյուս օրը» Պ. Հայրիկյանը կարող է դառնալ հաղթող թեկնածու ու խլել իրենից իշխանությանը։ Ուրեմն ինչո՞ւ Հայրիկյանը նրան չի կասկածում, մանավանդ, երբ հայտնի է, որ արդեն մի անգամ, 5 տարի առաջ, Ս. Սարգսյանը նախագահի աթոռին հասել է 10 մարդու արյան գնով։ Ավելին՝ Պ. Հայրիկյանը առաջին հերթին հենց Ս. Սարգսյանին է դուրս դնում ամեն տեսակ կասկածներից, անգամ մի տեսակ «տուժող կողմ» հայտարարում նրան. «Սա կազմակերպված ահաբեկչական գործողություն է, որ վնասում է առաջին հերթին Հայաստանի իշխանություններին… այս դեպքը իրենց համար հեչ ձեռնտու չէր»։

ԺԵ) Փետրվարի 5-ի ասուլիսում Հայրիկյանը ներկայանում է վիրավոր թեւը չկապած։ Նստելիս երկու ձեռքով առաջ քաշում բազկաթոռը, խոսքի ընթացքում ակտիվ շարժումներ է անում ձախ ձեռքով, բայց ինչ որ պահի նույնպիսի անբռնազբոս ու բնական շարժումներ է անում նաեւ աջ ձեռքով (տե՛ս http://www.zham.am/index.php?lid=am&pageName=verlucakan&id=197554598, մաս 4-րդ, 2.16.-2.221 վայրկյանները)։ Այդ թեւի միջով է, որ 5 օր առաջ 7,62 մմ-անոց գնդակ է անցել… Գուցե այլմոլորակայի՞ն է Պ. Հայրիկյանը։

ԺԶ) Ինչպե՞ս է, որ այս ամբողջ ընթացքում մի թթու խոսք անգամ չի ասվում իշխանության հասցեին, թեկուզ հանցագործի ֆոտոռոբոտը ժամանակին չստեղծելու ու չտարածելու հետ կապված։ Ինչպե՞ս է որ նույն իշխանության դիրիժորությամբ եւ Պ.Հայրկյանի գլխավոր դերակատարությամբ ստեղծվում է մի մթնոլորտ, որտեղ իշխանական քարոզչությունը Սերժ Սարգսյանի բերանով Պ. Հայրիկյանին հռչակում է «Հայաստանի անկախության մարմնացում», իսկ Պ. Հայրիկյանը՝ Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելը համարում որպես մեր չուզողներից ու թշնամներից պաշտպանվելու միակ միջոց։

Եւ վերջապես՝ ամենատարածված հարցը.

Ի՞նչ արժեցավ Ս. Սարգսյանին ընտրությունները նույնիսկ 15 օրով չհետաձգելու՝ Պ. Հայրկյանի «մեծահոգությունը»։

Այս հարցին պատասխանելու համար պետք է նկատի ունենալ երեք կարեւոր հանգամանք.

Առաջին. Պ. Հայրիկյանի հարցազրույցներին ու հայտարարություններն ուշադիր հետեւողները նկատել են, որ նա 5-6 օր, ըստ էության, անթաքույց «բազարի» մեջ էր իշխանության հետ՝ ընտրությունները 15 օրով հետաձգելու կամ նոր ընտրություն պահանջելու հարցով։ Դա շատ հստակ արձանագրել է նաեւ նսխագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը. Պարույր Հայրիկանւ տգեղ առևտուր է անում նախագահի հետ»:

Երկրորդ. Պ. Հայրիկյանը, ի տարբերություն խորհրդային շրջանի այլ դիսիդենտների, աչքի է ընկել նրանով, որ տարբեր ձեւերով, ընդհուպ հրապարակային պահանջներով փորձել է առավելագույն չափով նյութականի վերածել խորհրդային բանտերում «հանուն անկախության» իր անցկացրած տարիները։ Այսպես 1990-91 թթ նա երկար բնակվում էր Երեւանի շքեղ հյուրանոցներց մեկում ու «որպես տուժած» հրաժարվում էր վճարել։ Նույն շրջանում նա գրավեց կոմունիստական կուսակցության Երեւանի քաղկոմի շենքը (ներկայիս Սահմանադրական դատարան) եւ հայտարարեց, որ դա պետք է տրվի իրեն որպես փոխհատուցում։ Եւ վերջապես նրան հաջողվեց որպես անկախության համար իր պայքարի նյութական փոխհատուցում մի հսկայական թռչնաֆաբրիկա ստանալ։ Հիմա էլ նա մի կերպ հաղթահարելով իրեն այնքան բնորոշ համեստությունը, կհիշեցնի Ս. Սարգսյանին, որ «անկախության մարմնացում» լինելով ընտանիք չես պահի, որ այն ոչ միայն արժեք, այլեւ գին ունի։

Երրորդ. 2012թ. մայսի 6-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ ապահովելու համար վարչախումբը, ըստ մասնագիտական հաշվարկների, ստիպված եղավ ծախսել շուրջ 100 միլիոն դոլար։ Սերժ Սարգսյանը հասել է այն բանին, որ այս նախագահական ընտրություններում անհնար էր դարձել իրական ընդդիմադիր ուժերի թեկնածուների առաջադրումը։  Հակառակ դեպքում, նկատի ունենալով նախագահական ընտրության շատ ավելի կարեւորությունը իշխանության ճակատագրի տեսակետից, նա ստիպված պիտի լիներ ծախսել դրա կրկնապատիկը կամ եռապատիկը։ Սերժ Սարգսյանի համար խնդի՞ր է հսկայական այդ «խնայողության» 2-3%-ը որպես «մաղարիչ» զոհաբերել ընտրությունների հետաձգման, առավել եւս նոր ընտրություններ նշանակելու անդուր վիճակից ազատվելու համար։

Հիմա ինչքա՞ն գնահատվեց «հանուն պետականության», «հանուն անկախության», «ի հեճուկս ռուսական ԿԳԲ-ի», ինադու «մեր թշնամիների եւ միջազգային իմպերիալիզմի», իսկ իրականում՝ Սերժ Սարգսյանին նոր գլխացավանք չպատճառելու, դեռ մի բան էլ նրան օգնելու համար Սահմանադրական դատարան չդիմելու եւ ընտրությունները չհետաձգելու Պ. Հայրիկյանի ազգափրկիչ քայլը։

Յուրի Հովսեփյան

«Չորրորդ Ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ անդամ. Իսկ ո՞վ է ասել, որ ԲՀԿ-ն չունի բարեփոխումների կարիք’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականը կմրցի երիտասարդական հավաքականի հետ’