‘Ի՞նչ կատարվեց դեկտեմբերի 20-ին, և ինչպե՞ս քվեարկել դեկտեմբերի 23-ին’

1608

Ազգային ժողովի դեկտեմբերի 20-ի նիստից հետո Հայաստանի ներկա իրականության մեջ և հետագա պատմության համար գծվեց ռացիոնալ և պատմական ջրբաժանը` ՀՀԿ և մնացած քաղաքական դաշտը: Այլ ձևակերպումներով ջրբաժանը կոչվում է «Իշխանություն և հայ ժողովուրդ»:

Այս նիստը փաստեց հետևյալը.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը, հասարակական դաշտը առավել քան երբեք կոնսոլիդացված են` ընդդեմ իշխանության, որը բացառապես հետապնդում է մի քանի ընտանիքի շահերը: Իշխանությունը տվյալ դեպքում հանդես է գալիս ՀՀԿ-ի դեմքով, թեև ՀՀԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր հոգու խորքում չէին ուզենա սպասարկել իշխանության «նեղ շրջապատի» շահերը:

2. Իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չկարողացավ դեկտեմբերի 20-ի նիստում հավաքել անհրաժեշտ «կոճակների» գլխաքանակը: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ում դեռ կան մարդիկ, ովքեր ունեն արժանապատվության պահուստային ցուցանիշներ: Ուրեմն` այդ մարդկանց հետ պետք է աշխատել:

Քվեարկությունը տեղափոխվել է դեկտեմբերի 23-ին: Գեբելսյան քարոզչամեքենան` ուրբաթ երեկոյից, մտքում ունենալով իր տերերի պարտությունը, փորձում է շահարկել ոչ կոալիցիոն կուսակցությունների ապագա քվեարկության թեման:

Մեկընդմիշտ փակելու համար այս հուսահատ և արհեստական թեման, բացենք փակագծերը: Ի՞նչ տարբերակով պետք է քվեարկեն ոչ կոալիցիոն կուսակցությունները: /Այստեղ ընդգծենք, որ առավել կարևոր է ամենամեծ ոչ կոալիցիոն կուսակցության` ԲՀԿ-ի պահվածքը/: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ համաձայնեցված քվեարկությունը մյուս ուժերի հետ չափազանց կարևոր է: Եվ այսպես` ոչ կոալիցիոն ուժերը ունեն երկու տարբերակ.

ա/ Եթե ՀՀԿ-ն իր արբանյակների հետ չի ապահովում անհրաժեշտ քվորում, իսկ դա շատ հեշտ է նկատել քվեարկությունից րոպեներ առաջ` հաշվելով դահլիճում այդ պահին ներկա իշխանական «կոճակներին», ապա ոչ կոալիցիոն ուժերը` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» պետք է չմասնակցեն քվեարկությանը:

բ/ Եթե ՀՀԿ-ն իր արբանյակների հետ, այնուհանդերձ, ապահովում է անհրաժեշտ քվորում, ապա ոչ կոալիցիոն ուժերը միասնական դեմ են քվեարկում: Այստեղ հնարավոր է նաև միասնական չքվեարկելը, սակայն` միայն միասնական: Հակառակ դեպքում քվեարկությունը կարող է տարընթերցումների տեղիք տալ:

Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ եթե քաղաքական դաշտում լուրջ կոնսոլիդացված բևեռ չձևավորվի, ապա ոչ մի երաշխիք չի լինի, որ վաղը իշխանությունը նորանոր, էլ ավելի վտանգավոր պայմանագրեր չի բերի Ազգային ժողով:

Կարեն Հարությունյան

www.zham.am

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Պարզ կանոններ համաժողովրդական համախմբման համար’