‘Ի՞նչ ունի անելու Լոնդոնում Բենիտեսը’

820

Դի Մատեոյի պաշտոնանկությունից ընդամենը մեկ օր հետո «Չելսի» -ն հայտարարեց իր նոր մարզչի անունը: Եվ բազմաթիվ ֆուտբոլասերների մոտ հարց ծագեց. ինչու՞ հենց նա:

Պարզ է, որ Աբրամովիչը Դի Մատեոյին փոխարինելու հարցում այդքան մեծ ընտրության հնարավորություն չուներ, բայց միևնույն է՝ ընտրել մի մարզչի, ով 2 տարի է, ինչ աշխատանք չունի, և ով իր վերջին ակումբում` Միլանի «Ինտեր»-ում ընդամենը 12 խաղ էր հաղթել 25-ից՝ այդքան էլ խելացի քայլ չի թվում:

Ինչ վերաբերում է իսպանացուն, ապա նա վաղուց իր տեղը չի գտնում ֆուտբոլում: Նրան «Լիվերպուլ»-ից հետո ընդհանրապես չհետաքրքրեց, թե արդյո՞ք իրեն հարմար թիմ է «Ինտեր»-ը, արդյո՞ք նա կարող է գլուխ հանել այդքան «կուշտ» խաղացողների խմբից, ովքեր ակումբային մակարդակով հենց նոր հաղթել էին այն ամենը, ինչը հնարավոր էր:

Իտալիայում մինչև հիմա չեն հասկանում, թե ով էր Մորատիին խորհուրդ տվել ակումբը վստահել մի մարզչի, ով այդպես էլ չէր կարողանում պայքարել « Պրեմիեր լիգա»-ում և դրսևորվել էր միայն որպես մարզիչ, ով կարողանում էր պայքարել ՉԼ-ի «փլես օֆֆ»-ում:

 Ռաֆան իր միակ մեծ հաջողությանը, բացի «Ստամբուլյան հրաշք»-ից, հասել էր «Վալեսիա»-ում աշխատելիս, երբ Մադրիդի «Ռեալ»-ի «գալակտիկոսներ»-ի քայքայման  և Ռայկարդի Բարսայի նոր կայացման ֆոնի վրա կարողացավ հաղթել «Պրիմերա»-ում: Նա իսկապես կարողացել էր կառուցել հզոր թիմ և համարվում էր Իսպանիայում այդ ժամանակ դեռ նոր  գործածվող «4-2-1-3»-ի ճիշտ և արդյունավետ կիրառողներից մեկը: «Վալենսիա»-ից հետո նա գլխավորեց «Լիվերպուլ»-ը, որտեղ հենց ինքը տապալեց իր ստեղծած «իսպանական» թիմը՝ իր վարած անհասկանալի տրանսֆերային քաղաքականությամբ:

Անգլիացի վերլուծաբան Ջոնաթան Ուիլսոնի տվյալներով՝ Բենիտեսն անցյալ չորեքշաբթի գտնվում էր Աբու-Դաբիում, որտեղ մարզչական դասախոսություն էր անցկացնում տեղացի մասնագետների համար: Լոնդոնից զանգ ստանալով՝ Բենիտեսը դասախոսությունը կիսատ թողեց և միանգամից մեկնեց Անգլիա՝ նորից երկար չմտածելով իր և ակումբի համատեղելիության մասին: Սա ևս մեկ ապացույց է նրա, որ Ռաֆան ամեն կերպ պատրաստ է կապ հաստատել մեծ ակումբների հետ, որպեսզի չմոռացվի:

Բենիտեսը այժմ հիշեցնում է Վազգեն Մանուկյանին, ով երկար տարիներ լինելով «նախագահացու»՝ այդպես էլ չհասավ իր երազանքին և ի վերջո համաձայնեց զբաղեցնել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը՝ միայն այդ պաշտոնում «նախագահ» բառի առկայության պատճառով: Մինչև «Չելսի»-ում հայտնվելը՝ իսպանացին բազմիցս քննադատել է լոնդոնյան ակումբը և խոստացել երբեք չգլխավորել այն՝ ելնելով «Լիվերպուլ»-ի հանդեպ տածած իր սիրուց և հարգանքից:

Այսքանից հետո պարզ և հասկանալի է «ազնվականներ»-ի երկրպագուների արձագանքը Բենիտեսի նշանակումից հետո: «Մանչեստեր Սիթի»-ի դեմ խաղում ամբողջ «Ստեմֆորդ Բրիջ»-ը ողողված էր իսպանացու նկատմամբ ատելություն արտահայտող պաստառներով և վանկարկումներով: Եվ եթե առաջին խաղից հետո 5 տարի Անգիայում աշխատած մասնագետը դեռ կարողացավ խաղից հետո ասել, որ չէր հասկանում «Fuck off Rafa» վանկարկումները և չէր նկատել «Rafa out» պաստառները, ապա «Չելսի»-ի մարզումներին, կրծքավանդակին Դի Մատեոյի 16 համարով ներկայացած Տերրիի արարքը դժվար թե կարողանա մարսել:

Բենիտեսը երկրորդ անգամ անընդմեջ փոխարինում է ՉԼ-ն հաղթած մարզչի, և Լոնդոնում միակ առաքելությունը, որում նա հաջողության հասնելու հույս կարող է ունենալ, Ֆերնանդո Տորեսին «վերակենդանացնելն» է:

Բենիտեսին իրոք կարելի է համարել 2000-ականների սկզբի լավագույն տակտիկներից մեկը, բայց ներկայիս ֆուտբոլում Ռաֆան դեռևս տեղ չունի: Նա նորից հայտնվել է սխալ վայրում, սխալ ժամանակահատվածում: ՉԼ-ի «փլեյ օֆֆ» դուրս գալը, որն իրենից չի կախված, կամ «Պրեմիեր լիգա»-ում հաղթելը ուղղակի անհարին են թվում:  Իսպանացին այս պահին ունի ընդամենը կես տարվա պայմանագիր, որի ամբողջ ընթացքում ստիպված է աշխատել Դի Մատեոյի և Պեպ Գվարդիոլայի «ուրվականների» կողքին:

 

Դավիթ Քիրամիջյան

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում է «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարը’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը հետաձգվեց մինչև երկուշաբթի’