Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.
«Հունիսի 16-ին Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանը հարցազրույցի էր հավաքել մի խումբ վերլուծաբանների։
Հարցադրումը մեկն էր՝ «ինչ պետք է անել այսօր» դեպի անդունդ գլորվող Արցախը եւ անդունդի եզրին հասած Հայաստանը փրկելու համար։
Հարցազրուցավարը հասավ իր նպատակին. որեւէ մեկն այդպես էլ չկարողացավ հստակ պատասխան տալ տրված հարցին։ Դե, եթե ոչ մեկը չի կարողանում հստակ պատասխանել այդ հարցին, էլ ի՞նչ եք ուզում «խեղճ» իշխանությունից, գոնե ինչ-որ բան անում է – այդպիսի եզրահանգման պետք է գար հեռուստադիտողը, մանավանդ որ Պ. Ղազարյանը բոլորի համար հատուկ արձանագրում էր՝ «բայց դուք չասացիք, թե ինչ պետք է անել այսօր»։
Բանականությամբ օժտված մարդ արարածը, երբ ինքն է ձախողումներ ունենում եւ հասնում կործանման եզրին, մի պահ կանգ է առնում, ետ նայում, բացի ուրիշներին մեղադրելուց` փորձում գտնել սեփական սխալները։ Եթե կարողանում է ճիշտ արձանագրումներ անել, կարողանում է նաեւ սխալ քայլերը չկրկնելու, ընտրած ճանապարհը փոխելու որոշումներ կայացնել ու դրանով իսկ խուսափել վերջնական աղետի ենթարկվելուց։ Եթե դա չի անում եւ հայտնի կենդանու համառությամբ շարունակում է նույն գործելակերպը եւ ճանապարհը, ապա հասնում է իր վախճանին։
Այդպես է նաեւ ազգերի, ժողովուրդների, պետությունների դեպքում։
Մինչդեռ երբ նման զրույցների, հարցազրույցների, քննարկումների դեպքում որեւէ մեկը փորձում է այդ մասին խոսել, անմիջապես ընդհատվում է «լավ, հասկացանք, չփորփրենք, անցածն անցել է՝ հիմա՛, այսօ՛ր ի՞նչ պետք է անել»։ Ու դրանով փակվում են բանական մոտեցման, աղետալի վիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու, այսօրվա իրական անելիքը գտնելու ճեղքերն անգամ։ Մնում է գեղեցիկ կարգախոսներով, նույն հայտնի կենդանու համառությամբ դեպի անդունդ ու կործանում տանող ճանապարհը։
Ընդ որում՝ անցյալի քաղաքական իմաստավորման համար այս դեպքում անգամ անհրաժեշտ չէ իջնել պատմության խորքերը։ Վերջին երեքուկես տասնամյակն էլ բավական է։
Վերջին երեքուկես տասնամյակը բավական է, մանավանդ որ այն լիուլի տալիս է դեռ այսօրվա ավագ սերնդի աչքի առջեւ ու շատերի մասնակցությամբ կատարված, հարյուրավոր ու հազարավոր փաստաթղթերով վավերագրված ՝ միմյանց տրամագծորեն հակադիր, իրենց քաղաքական տարողությամբ դարաշրջան կոչվելու իրավունք ունեցող երկու իրողություն.
Ա) 1988-1998 թթ.
— համաժողովրդական շարժմամբ Արցախի բռնագաղթի վտանգի կանխում,
— պարտադրված պատերազմում ձեռք բերված հաղթանակ,
— Արցախի շուրջ անվտանգության գոտու ստեղծում,
— Արցախի խնդրի միջազգայնացում, հակամարտության կարգավորման համար ամենաբարձր մակարդակի միջազգային մարմնի ստեղծում,
— դիվանագիտական հաղթանակներ, ինչի շնորհիվ Արցախը հակամարտության լիիրավ կողմի միջազգային մանդատ ստացավ՝ դրանով իսկ Ադրբեջանի կազմում երբեւէ չհայտնվելու իրական հնարավորություն։
Եւ այս ամենը՝ հակառակորդի նկատմամբ բոլոր տեսակի ռեսուրսների, մեղմ ասած, պակասով։
Բ) 1998-2023 թթ.
— Ձեռք բերած ռազմական եւ դիվանագիտական հաղթական արդյունքների ոչնչացում, մսխում,
— երկրի ու նրա բնակչության համակարգված թալան,
— Արցախի սողացող դատարկում,
— հասարակության բարոյա-հոգեբանական անկում,
— Ադրբեջանի հետ ուժերի հարաբերակցության մշտական եւ կայուն խզում ի վնաս հայկական կողմի,
— Արցախի միջազգայնորեն ճանաչված՝ հակամարտության կողմի մանդատի կորուստ՝ ինչը նրա ինքնորոշման իրավունքի առարկայական իրացման ամենակարեւոր հիմքն էր,
— կորստաբեր նոր պատերազմ իր հայտնի աղետալի արդյունքներով ու դեռ չավարտված հետեւանքներով։
Սրանք ենթադրություններ կամ գնահատականներ չեն, սրանք ՓԱՍՏԵՐ են, ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, որ չի կարող չընդունել սեփական բանականությունը հարգող յուրաքանչյուր ոք։ Փաստեր եւ իրողություններ են՝ հաստատված տասնյակ ու հարյուրավոր փաստաթղթերով։
ԱՅՍՕՐ անելիք քայլն, ահա, այս ամենին քաղաքական գնահատական տալն է եւ համապատասխան հետեւությունները պետականության եւ հասարակական մտածողության ու պատկերացումների հիմքում դնելը։
Դա դժվար չէ, նույնիսկ չափազանց հեշտ է՝ վերոնշյալ ակնհայտ ու անվիճարկելի ՓԱՍՏԵՐԻ հանդիման, եթե, իհարկե, հատուկ չես ուզում կույր ձեւանալ։
Դժվար չէ, քանի որ ավելի քան հայտնի են նաեւ վրա հասած ու դեռ չավարտված աղետների ու չարիքների պատասխանատուներին անձնապես։
1998-ից ի վեր 25 անգամ 365 «այսօր» է անցել, ու չի արվել առաջին անհրաժեշտ այս քայլը։ Ու քանի դեռ դա չի արվել, քանի դեռ իրենց գործունեության քաղաքական արդյունքներով իրական հերոսները շարունակում են չգնահատվել որպես այդպիսին, իսկ ահռելի աղետներ բերածները «փաստաթղթով» հերոսներ են եւ իշխանության կրողներ, հնարավոր չի լինելու գտնել «ինչ անել ասօր» հարցի մի այլ պատասխան, որը չի տանի նոր աղետների։
Իսկ երբ դա կարվի, Չարենցի խոսքով՝ «ամեն մի աղախին» կկարողանա ասել, թե ինչ պետք է անել այսօր՝ աղետներին վերջ տալու եւ ճիշտ ճանապարհով գնալու համար»։