‘Ի՞նչ պետք է անի օմբուդսմենը՝ Կոնգրեսի վստահությունը շահելու համար’

1204

Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համեմատեց ներկա օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գործունեությունը նախորդի հետ:

Ըստ Զուրաբյանի, Կարեն Անդրեասյանը շատ վատ ժառանգություն է ստացել Արմեն Հարությունյանից. «Նախորդ օմբուդսմենն ամեն ինչ արեց, որ ՄԻՊ հաստատության նկատմամբ վստահությունը քայքայվի: Նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանն իբր պաքայրում էր Սերժ Սարգսյանի կատարած խախտումների դեմ, սակայն միաժամանակ լեգիտիմացնում էր դրանք: Դա էր պատճառը, որ ինչ-որ պահից ՀԱԿ-ը դադարեցրեց նրա հետ համագործակցությունը: Հիմա դուք՝ պարոն Անդրեասյան, փորձում եք վերադարձնել այդ վստահությունը»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Միեւնույն ժամանակ, Լեւոն Զուրաբյանը նշեց, որ դեռ չի վստահում նրան, քանի որ Կարեն Անդրեասյանը պատշաճ գնահատական չի տվել Տիգրան Առաքելյանի նկատմամբ հալածանքներին:

 «2011թ. կային ինը ճանաչված քաղբանտարկյալ, որոնք հիմա նաեւ ԱԺ-ում են ու նաեւ մեր ուժն են ներկայացնում: Հիմա Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանն է շինծու մեղադրանքով բանտում: Սա միտումնավոր էր արվել ռեժիմի կողմից: Դուք այս մասին ոչ մի խոսք չեք ասում, դուք կարող եք կրկնել ձեր նախորդի դեմագոգիան, որ քաղբանտարկյալ հասկացողությունը ճիշտ չէ ու չկա ՀՀ-ում, բայց կոչ կանենք այդպես չվարվել»:

Լեւոն Զուրաբյանի խոսքով,  Կարեն Անդրեասյանը կարող է ՀԱԿ-ի վստահությունը շահել մի դեպքում՝ եթե պաշտպանի իշխանության հակառակորդների մարդու իրավունքները: Այդ դեպքում, ըստ նրա, ի դեմս Կոնգրեսի, ՄԻՊ-ը կունենա շատ հուսալի մի գործընկերոջ: «Հակառակ դեպքում դուք կշարունակեք մնալ ռեժիմի շահերը սպասարկող գործիք»:

Նախորդ հոդվածը‘Պատգամավոր. Հանրայինը ԱԺ –Կառավարություն հարցուպատասխանն ընտրողաբար է հեռարձակում’
Հաջորդ հոդվածը‘Խորխե Մեսի. Եթե Լեոյին Արգենտինայում բուժեին, նա «Բարսելոնա» չէր գնա’