‘Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԵԽ-ը ՀՀ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության ուղղությամբ’

1297

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հունվարի 21-ի նիստի ընթացքում ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը հերթագրվել է  Հայաստանում առկա քաղբանտարկյալների եւ նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԵԽ Նախարարների խորհրդի նախագահ, Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբեր Սաբոյա Սունյեին (Gilbert Saboya Sunye) հարց ուղղելու համար:

Նա նկատել է, որ հայաստանցի քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործի մասին տեղյակ էր պահվել դեռեւս ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում: Պարոն Զուրաբյանը հիշեցրել է, որ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելանը 2011-ի օգոստոսի 9-ին հարձակման է ենթարկվել ոստիկանության կողմից, նրան խոշտանգել են եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման քաղաքական դրդապատճառներով,  արհեստական մեղադրանքների հիման վրա:

«Նա (Առաքելյանը-խմբ.) արդեն բանտում է անցկացրել 1 տարի եւ հինգ ամիս:  Երեք այլ ակտիվիստներ նույնպես երկարատեւ ժամկետով կարող են անազատության մեջ հայտնվել, եթե Հայաստանի Վճռաբեկ դատարանը հաստատի նույն դրվագով նախորդ ատյանների կայացրած վճիռը: Այս միջադեպը կասեցրեց Հայաստանի իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկար սպասված երկխոսությունը: 

Վեհաժողովն իր վերջին նստաշրջանի ընթացքում բանաձեւ ընդունեց «քաղաքական բանտարկյալ եզրի սահմանման մասին», որում սահմանվեցին 5 չափանիշներ՝ անձին քաղաքական բանտարկյալ ճանաչելու համար եւ կոչ արվեց Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներին՝ վերանայել հնարավոր քաղբանտարկյալների հարցով իրավական գործերը,  ազատ արձակել նրանց կամ թույլ չտալ նմանատիպ  դեպքերի կրկնությունը:

Հարց. Ինչպիսի՞ քայլեր է նախատեսում ձեռնարկել Նախարարների կոմիտեն, որպեսզի անդամ-պետությունների իշխանությունները, տվյալ դեպքում՝ Հայաստանի իշխանությունները պահպանեն հիշյալ բանաձեւի դրույթները», — հարցրել է Լեւոն Զուրաբյանը:

Նշենք, որ ըստ կանոնակարգի, Վեհաժողովի նիստի ժամանակ պատվիրակները  հերթագրվում են զեկուցողներին հարց ուղղելու համար: Այն դեպքում, եթե նիստի ընթացքում պատգամավորը հնարավորություն չի ստանում հարցն ուղղել բանավոր,  այն գրավոր կերպով ուղարկվում է Վեհաժողովի քարտուղարություն:

 

Նախորդ հոդվածը‘Օբաման մտադիր է ժողովրդավարությունը տարածել ողջ աշխարհով մեկ’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ը արձագանքում է. Որակավորման համար դիմած քաղաքացիները խնդիրներ չունեն’