‘
(Երվանդ Քոչարի տիկնոջ՝ գրականագետ Մանիկ Մկրտչյանի հուշերից1.)
Ճարտարապետ Լեւոն Իգիթյանի՝ Երեւանի ավագանու նիստում դրսեւորած խուլիգանական պահվածքի առիթով, ավելորդ չենք համարում ուշադրություն հրավիրել նրա ընտանիքին բնորոշ արատավոր հատկանիշի մի դրվագի վրա։ iLur.am
* * *
Երբ ամուսնացանք, առաջին տարիներին Քոչարը դողում էր յուրաքանչյուր գործի համար, վայն եկել էր տարել, եթե մեկնումեկը մոտենար իր նկարներին…
60-ական թվականներին, երբ ես պառկած էի հիվանդանոցում, շատ էժան վաճառել էր նկարները կամ նվիրել սրան-նրան…
1962թ. Օպերայի եւ բալետի թատրոնում Մինասի ձեւավորմամբ ներկայացված էր «Բոլերո» բալետը։ Ընդմիջմանը, երբ դուրս եկանք ճեմասրահ, հավաքվեցին նկարիչները, որոնց թվում էին Մինասն ու Բաժբեուկ-Մելիքյանը, վերջինս մոտեցավ եւ բարևից առաջ սկսեց նախատել.
– Как тебе не стыдно, как ты продал этот натюрморт?… – կրկնեց մի քանի անգամ:
Ես հարցրի.
– Ի՞նչ նատյուրմորտ:
– Հեչ,– ասաց,– էն թերթի ֆոնի վրա եղած նատյուրմորտը:
Ես ապշեցի.
– Ո՞նց թե՝ հեչ:
Երբ եկանք տուն, ես չէի հանգստանում.
– Եւ քանիսո՞վ վաճառեցիր:
– Հարյուր ռուբլով,– ու շարունակեց,– ոչինչ, Իգիթյանը լավ կպահի, հետո էլ խոստացել է թանգարանի գնելու դեպքում վերադարձնել…
Նույն ճակատագրին էին արժանացել 1919թ. կատարված հիանալի մի նկար՝ «Կնոջ դիմանկարը», որը 50 ռուբլով վաճառել էր Թագե Մանուկյանին, «Աղջկա դիմանկարը» (1925թ.)՝ Յաշա Զարգարյանին, «Մանդոլինայով աղջիկը», «Կնոջ դիմանկարը»՝ Հրաչյա Բունիաթյանին և շատ այլ գործեր…
1965թ. փետրվարին Հայաստանի նկարչի տանը բացվեց Փարիզից վերադառնալուց հետո Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը: Սովորաբար ցուցահանդեսի ավարտից հետո Կուլտուրայի մինիստրությունը գնումներ էր կատարում:
Քոչարը պատմեց՝ երբ Պետական պատկերասրահի դիրեկտոր Արմեն Չիլինգարյանն ընտրում է «Նատյուրմորտ լրագրի ֆոնի վրա» աշխատանքը, Իգիթյանն աղմուկ ու վեճ է սարքում, թե. «Это моя собственность – не продам», Քոչարն իրեն հատուկ անզսպությամբ բարձրացնում է ձեռնափայտը, բայց տղաներն արգելում են…
Ես տանն էի, Իգիթյանը զանգահարեց, թե՝ «Տիկին Մանիկ, Մաէստրոն զայրացել, հայհոյում է…»: Ասացի. «Պետք է խոսքիդ տերը լինեիր, բայց որ չես արել, լավ, ես Մաէստրոյի հետ կխոսեմ, բայց այլևս այդպիսի բան չանես, անհարմար է»2:
Սակայն «Սապատավորին գերեզմանն է ուղղում». Իգիթյանը ոչ մի բանի առջև կանգ չէր առնում։
1968թ. ամառային մի օր Մատենադարանից իջա եւ արվեստանոցում սպասում էի Քոչարին։ Մեկ էլ տեսա՝ Քոչարն ու Իգիթյանը մտան ներս, Քոչարը չկարողացավ թաքցնել եւ բացականչեց.
— Վա՜յ, Մանիկն այստեղ է։
Պարզվեց, որ կաֆեից, թե ռեստորանից էին գալիս, եւ Քոչարը համաձայնվել էր «Աղջկա դիմանկարը» տալ Իգիթյանին 200 ռուբլով։ Ես արգելեցի… Լարիկն արվեստանոցից գնաց գլխահակ։
—
1. Տե՛ս Մաէստրո Քոչարը հուշերի անդրադարձում, կազմեցին եւ խմբագրեցին Անատոլի Հովհաննիսյանը եւ Լալա Մարտիրոսյան-Քոչարը, «Անտարես», Երեւան, 2016, էջ 111–113։
2. Հ. Իգիթյանը նկարը վաճառելուց հետո հրաժարվեց որևէ տեղեկատվություն տրամադրել ասելով՝ «Բողոքեք՝ որտեղ կարող եք»:
‘