‘Իգոր Պոպով. Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը տվյալ իրավիճակում կարող է լարվածություն առաջացնել կողմերի միջեւ ‘

712

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը փոխանցել է, որ ԼՂՀ նախագահի հետ քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրները, ինչպես նաեւ խոսել են ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ հայրենիքում նրա փաստացի հերոսացման դեպքից. միջնորդները այդ հարցի առնչությամբ կարծիք չեն հայտնել, ոչ էլ նոր բան են ասել. բոլոր հարցերին պատասխանել են՝ բացառապես հղում անելով նախկինում արված հայտարարություններին:

Ստեփանակերտի օդանավակայանի մասին «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպե՞ս են համանախագահները տեսնում այդ խնդրի լուծումը, Պոպովը պատասխանել է. — «Մենք կարծում ենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը տվյալ իրավիճակում կարող է լարվածություն առաջացնել կողմերի միջեւ. եւ միեւնույն ժամանակ մենք կարծում ենք, որ այդ հիմնախնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, հաշվի առնելով եղած փորձը»։

Իսկ հարցին` չէի՞ն ցանկանա իրենք լինել առաջին ուղեւորները, ռուսաստանցի միջնորդը արձագանքել է կատակով. — «Դեռ ոչ, օդանավը դեռ չի ժամանել»:

Համանախագահները ուրբաթ օրը Երեւանում եւ երկուշաբթի օրը Բաքվում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ կքննարկեն եւ կլսեն նրանց կարծիքները արտգործնախարարների փարիզյան հանդիպումից հետո հնչեցված նոր գաղափարների շուրջ: Իսկ թե դրանք ինչ գաղափարներ են` միջնորդները որոշեցին փակագծեր չբացել: 

«Ազատություն» ռ/կ

Նախորդ հոդվածը‘«Հակահարված» art խմբի անդամները հեռացել են ոստիկանությունից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յոզեֆ Բլատեր. Աշխարհի առաջնությունը շուտով կվստահեն Անգլիային’