‘ԻԻՀ դեսպանը էներգետիկայի նախարարին ստախոս հանեց ‘

1571

Հայաստանը և Իրանը չեն բանակցել իրանական գազի կանխիկ գնման շուրջ, մինչ օրս խոսք է եղել երկնագույն վառելիքը բացառապես բարտերային հիմքերով մատակարարելու մասին՝ էլեկտրաէներգիայի փոխարեն: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամեդ Ռեյսին: Արմինֆոյի փոխանցմամբ՝ դեսպանն ասել է, որ մատակարարվող գազի գինը կախված է նրանից, թե ինչպիսի որոշման կգան բանակցող կողմերը: Ռեյսին ընդգծել է, որ գազի մատակարարումներն Իրանն իրականացնում է միջազգային գներով, բայց բարեկամական երկրների համար կլինեն որոշակի զեղչեր: «Գազի սակագինը որոշվում է բանակցությունների միջոցով, և միայն դրանից հետո կարելի է որոշել, թե որ գազն է ավելի էժան՝ ռուսակա՞ն, թե՞ իրանական»,-ընդգծել է նա: Միաժամանակ, դիվանագետն ընդգծել է, որ ցանկացած երկիր կարող է վաճառել իր գազը` թե 400 դոլարով և թե 100 դոլարով (1000 խմ դիմաց), ամեն ինչ կախված է հանգամանքներից: Լրագրողների նկատողություններին, այն մասին, որ բարտերային բանաձևից կանխիկին անցնելիս իրանական գազի սակագինը կկազմի 180 դոլար (հազար քմ դիմաց), դեսպանը հայտարարել է, որ ինքը «ուժեղ չէ մաթեմատիկայից»:

Նա նաև նշել է, որ Իրանը չի հանդիսանում էլեկտրաէներգիա ներմուծող երկիր, իսկ գազի հարցում ավելի ձեռնտու է կանխիկ գործարքը, բայց բարեկամական Հայաստանի համար Իրանը կշարունակի բարտերային մատակարարումները: Նա նաև հայտարարել է, որ դեպի Հայաստան մատակարարվող գազի ծավալների մեծացման հարցում Իրանը պրոբլեմներ չի տեսնում, եթե ցանկանա հայկական կողմը, սակայն, նրա խոսքերով, դրա համար անհրաժեշտ են ենթակառուցվածքային փոփոխություններ: Դիվանագետը չի բացառել նաև մի քանի տարուց Հայաստանի ենթակառուցվածքների միջոցով գազի տարացիկ փոխադրման հնարավորությունը: «Դա նույնպես տնտեսապես ձեռնտու կլինի հայկական կողմին, քանի որ կունենա ֆինանսական եկամուտ»,-եզրափակել է նա:

Նշենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին հայտարարել էր, որ Թեհրան կատարվելիք այցի ընթացքում իր իրանական գործընկեր Համիդ Չիթչյանի հետ բանակցությունների հիմնական թեման կլինի դեպի Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալների մեծացումը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինի Հայաստան կատարած այցի արդյունքում ՀՀ կառավարությունը որոշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իր 20% բաժնետոմսերի վաճառել Գազպրոմին, 155 մլն.դոլարի պարտքը մարելու համար, որը կուտակվել էր 2012 թվականին: Գործարքը Գազպրոմին թույլ տվեց դեպի Հայաստան գազը մատակարարել ռուսաստանյան ներքին գներով, այսինքն`189 դոլար մեկ հազար խմ դիմաց:

Հիշեցնենք նաեւ, որ օրերս էնէրգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ-ում պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանն իրանական գազից չի օգտվում, երբ այն ավելի էժան է, նախարարը ասել էր. «Իրանական գազը 400 դոլար է և ավելին` սահմանի վրա, ոչ թե բնակչի մոտ»: 

Ամռանն էլ, նույն Մովսիսյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել էր, թե ԻԻՀ դեսպանն այս հարցում չի տիրապետում իրավիճակին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ստի ոտքը լավ էլ երկա՞ր է’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր. Կառավարությունը շարունակում է անհիմն ձեւակերպումներով մերժել ԲՀԿ օրինագծերը’