Իլոն Մասքը, այնուամենայնիվ, կհեռանա Twitter-ի ղեկավարի պաշտոնից

347

Իլոն Մասքը, օգտատերերի՝ իր իսկ հայտարարած քվեարկության արդյունքների համաձայն, կհեռանա Twitter-ի ղեկավարի պաշտոնից, սակայն միայն այն բանից հետո, երբ կգտնի «այն հիմարին, որը կհամաձայնի ստանձնել այդ աշխատանքը»։

«Ես կհեռանամ ղեկավարի պաշտոնից, հենց որ գտնեմ այն հիմարին, որը կհամաձայնի կատարել այդ աշխատանքը։ Դրանից հետո ես կղեկավարեմ միայն ծրագրային և սերվերների ապահովման թիմերը»,- գրել է Մասքը իր նախաձեռնած հարցման (թե արդյո՞ք ինքը պետք է մնա իր գնած սոցցանցի ընկերության ղեկավարի պաշտոնում) մեկնաբանություններում։

Կիրակի օրը մեկնարկած հարցման ընթացքում մասնակիցների մեծ մասը՝ 57,5 %-ը, հանդես է եկել հօգուտ նրա, որ Մասքը պետք է դադարեցնի Twitter-ի քաղաքականությունը ղեկավարելու փորձերը։

Հարցմանը մասնակցել է 17,5 մլն օգտատեր։ Հարցումը նախաձեռնելով՝ Մասքը խոստացել է, որ կվարվի այնպես, ինչպես կորոշի մեծամասնությունը, բայց քվեարկության ավարտից հետո բավական երկար ժամանակ ոչ մի որոշակի բան չէր գրում, թե արդյոք իսկապես պատրաստ է հրաժարական տալ։

Իլոն Մասքը աշխարհի ամենահայտնի սոցցանցերից մեկը՝ Twitter-ը, գնել է 44 մլրդ դոլարով։ Նա խոստացել էր արմատապես փոխակերպել Twitter-ի աշխատանքը, բայց վերակառուցման բոլոր փորձերն ավարտվել են աղմկոտ սկանդալներով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՇոյգուն առաջարկել է Ռուսաստանում բարձրացնել զորակոչային տարիքը
Հաջորդ հոդվածըԱրցախի շրջափակման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակը՝ ինֆոգրաֆիկայով