Իմամների գլոբալ խորհուրդը մուսուլմաններին արգելել է մասնակցել Պեկինի Օլիմպիական խաղերին

175

Չինաստանում մուսուլման ույգուրների դեմ բռնաճնշումների պատճառով Իմամների գլոբալ խորհուրդը մուսուլմաններին արգելել է մասնակցել 2022թ․ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդում է կազմակերպության կայքը։ Հայտարարությանը միացել է նաեւ Ռուսաստանի մուֆտիների խորհրդի ղեկավար Ռավիլ Գայնուտդինը։

«Իմամների գլոբալ խորհուրդն առաջին եւ խոշորագույն վերպետական ոչ կառավարական կազմակերպությունն է մահմեդական աշխարհում։ Այն միավորում է իսլամի բոլոր ուղղությունների եւ մտքի դպրոցների առաջնորդներին։

Կազմակերպությունը աջակցում է բռնաճնշված ույգուր մուսուլմաններին։ Չինական կառավարությունը շարունակում է խախտել չինացի մուսուլմանների հիմնական իրավունքները։

Մենք արգելում ենք մուսուլմանների մասնակցությունը Պեկինի Խաղերին, որը ծառայում է բռնապետական ռեժիմին՝ ույգուրների ցեղասպանության եւ էթնիկ զտումների պատասխանատուին»,- նշվում է հայտարարությունում։

Պեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը։

Նախորդ հոդվածըԱ Սերիայի բոլոր ֆուտբոլիստների համար պատվաստումը դարձել է պարտադիր
Հաջորդ հոդվածըԱդելաիդա․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ