‘Ինգուշեթիայի ղեկավարը չի ճանաչել Չեչնիայի հետ սահմանի վերաբերյալ դատարանի որոշումը’

1450

Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը հայտարարել է, որ հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումը, որով Չեչնիայի հետ նոր սահմանի մասին օրենքը համարվում է Ինգուշեթիայի սահմանադրությանը չհամապատասխանող, չի կարող այդ օրենքը չեղարկելու պատճառ հանդիսանալ:

Եվկուրովի կարծիքով՝ նման որոշում պետք է կայացնի ոչ թե Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանը, այլ Ռուսաստանի Սահմանադրական դատարանը, քանի որ այն առնչվում է միանգամից երկու տարածաշրջանի շահերին:

Եվկուրովը խոստացել է, որ առաջիկայում կդիմի Ռուսաստանի Սահմանադրական դատարան՝ խնդրելով որոշել, թե Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանն արդյոք իրավունք ունի նման հարցերով որոշումներ կայացնելու:

Սեպտեմբերի 26-ին Ինգուշեթիայի և Չեչնիայի ղեկավարներ Յունուս-Բեկ Եվկուրովը և Ռամզան Կադիրովը պայմանագիր ստորագրեցին երկու տարածաշրջանների միջև վարչական սահմանի ամրագրման վերաբերյալ, որը պաշտոնապես չէր որոշվել 1991 թ., երբ դադարեց գոյություն ունենալ Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ն: Այն օրը, երբ խորհրդարանը պետք է հաստատեր պայմանագիրը և դրան օրենքի կարգավիճակ տար, Ինգուշեթիայում բողոքի ցույցեր սկսվեցին, որոնց մասնակցում էին հազարավոր մարդիկ:

Խորհրդարանը հաստատեց պայմանագիրը, բայց հետո պատգամավորները հայտարարեցին, որ չեն քվեարկել հօգուտ օրինագծի, և քվեարկության արդյունքները կեղծվել են:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտարկում՝ Ակնա-Հինդարխ հատվածում ‘
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բեգլարյանը՝ Արցախի Օմբուդսմեն’