‘Ինդոնեզիայի նախագահական ընտրություններում հաղթել է Ջակարտայի նահանգապետը’

640

Ջակարտա հատուկ մայրաքաղաքային շրջանի նահանգապետ Ջոկո Վիդոդոն հաղթանակ է տարել Ինդոնեզիայի նախագահական ընտրություններում: Այդ մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները, որոնց համաձայն՝ 34 նահանգներից 33-ի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում Ջոկո Վիդոդոն, որն ինդոնեզացիների մեծ մասին հայտնի է կարճ՝ Ջոկովի անունով, ստացել է ձայների 53,15 %-ը, իսկ նրա մրցակիցը՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Պրաբովո Սուբիանտոն՝ 46,85 %-ը:

Ընտրություններն Ինդոնեզիայում անցել են հուլիսի 9-ին, սակայն քանի որ ընտրատեղամասերը ցրված են աշխարհի ամենամեծ արշիպելագի տարածքով մեկ, դրա համար էլ ձայների հաշվարկը մի քանի շաբաթ է տևել:

Ընտրությունների արդյունքները, ամենայն հավանականությամբ, կբողոքարկվեն Ինդոնեզիայի սահմանադրական դատարանում: Սուբիանտոյի կարծիքով՝ ձայների հաշվարկի ժամանակ զանգվածային խախտումներ են թույլ տրվել:

Նախագահական ընտրություններում հաղթած 53-ամյա  Ջոկո Վիդոդոն «ժողովրդական քաղաքական գործչի» համբավ ունի, ով կապ չունի քաղաքական վերնախավի հետ:  Վիդոդոն շատ ժամանակ է անցկացնում ետնախորշերում և լավ ծանոթ է հասարակ ինդոնեզացիների կարիքներին: Վիդոդոն հագնվում է հասարակ, կրում է սպորտային կոշիկներ և սիրում լսել հևի-մետալ: Նա ամուսնացած է, ունի երեք զավակ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանից Ուկրաինա է մատակարարվում կոնյակ և ծիրան’
Հաջորդ հոդվածը‘Սևանը հայտնվել է էկոլոգիական աղետի եզրին’