‘Ինդոնեզիայի նախագահը Բաշար Ասադին կոչ է արել հրաժարական տալ’

511

Աշխարհի՝ մահմեդականներով ամենախիտ բնակեցված երկրի՝ Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոն իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադին կոչ է արել հրաժարական տալ և հեղինակավոր մեկ այլ ղեկավարի հնարավորություն ընձեռել հակամարտություններից կեղեքվող այդ երկրում վերականգնելու խաղաղությունն ու անդորրը, այսօր հաղորդել է Jakarta Globe թերթը: «Հույս կա, որ իշխանության կգա նոր առաջնորդ, ով ավելի շատ կսիրի Սիրիայի ժողովրդին և կկարողանա բարելավել իրավիճակն ու հաստատել բոլորի կողմից ընդունելի խաղաղություն»,- նախորդ օրը Սաուդյան Արաբիայի մուսուլման հոգևորականների հետ հանդիպման ժամանակ ասել է Ինդոնեզիայի ղեկավարը: Յուդհոյոնոյի՝ միջազգային հարցերով խորհրդականն իր հերթին թերթին հայտնել է, որ Սիրիայում հակամարտությանը վերջ դնելու համար Ինդոնեզիան երեք քայլ է առաջարկում՝ դադարեցնել կրակը, վերականգնել մարդասիրական օգնությունը և կազմակերպել  քաղաքական անցում նոր վարչակարգի:

Անցյալ տարվա նոյեմբերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ընթացքում Յուդհոյոնոն կտրականապես դեմ էր արտահայտվել Սիրիայի ներքին գործերին արտասահմանյան ցանկացած միջամտության, հաղորդում է РИА Новостиն:

Նախորդ հոդվածը‘Էդիկ Մինասյան. Եթե որեւէ մեկին նկատեմ ցույցի գնալուց, կհեռացվի համալսարանից (Ձայնագրություն)’
Հաջորդ հոդվածը‘Ժերեր Դեպարդյեին 2 տարվա ազատազրկում է սպառնում’