‘Ինդոնեզիայում բանտից փախել են 150-ից ավելի կալանավորներ’

678

Ինդոնեզական Սումաթրա կղզու Մեդան քաղաքի բանտում ծագած խռովության ժամանակ հինգշաբթի գիշերը բանտից փախել են առնվազն 150 կալանավորներ: Գիշերվա ընթացքում ոստիկանությունը և զինվորականները կարողացել են բռնել նրանց մոտավորապես մեկ երրորդին: Հինգ հոգի, այդ թվում՝ բանտի երկու աշխատակիցներ, զոհվել են:

Խռովության ընթացքում կալանավորները հրկիզել են բանտը, և հրշեջներն ստիպված են եղել ողջ գիշեր մարել կրակը: Մի վարկածի համաձայն՝ երկու բանտապահները զոհվել են հենց հրդեհից:

Ոստիկանության տվյալներով՝ բանտում պահվում էր ահաբեկչության հոդվածով դատված 11 կալանվոր, որոնցից իննին հաջողվել է փախչել,  նրանցից երեքին կարողացել են բռնել, վեցը դեռ ազատության մեջ են: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, խռովությունը բանտում սկսվել է ջուր չլինելու պատճառով, իսկ ջուր էլ չի եղել, քանի որ հերթական անգամ անջատվել է էլեկտրականությունը:

Մեդանի բանտը, ինչպես և ինդոնեզական բոլոր բանտերը, հայտնի է իր գերբեռնվածությամբ: Այն նախատեսված է 1054 կալանավորի համար, մինչդեռ բանտում պահվում է 2600 դատապարտյալ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կալանավորներից ոմանք զենք են ձեռք բերել և բանտի 10 քաղաքացիական աշխատակիցների պատանդ են վերցրել, որոնք, սակայն, շուտով ազատ են արձակվել:

Մեդան քաղաքը ինդոնեզական Հյուսիսային Սումաթրայի վարչական կենտրոնն է և իր մեծությամբ՝ երկրի չորրորդ քաղաքը՝ չորս միլիոն բնակչությամբ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Հացադուլ, նստացույց և հանրահավաք Ազատության հրապարակում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» ապագան հուսալի ձեռքերում է (տեսանյութ)’