‘
Ինդոնեզիայում ձերբակալվել է Սահմանադրական դատարանի ղեկավարը
Ինդոնեզիայի հակակոռուպցիոն հատուկ ստորաբաժանման քննիչները ձերբակալել են Սահմանադրական դատարանի ղեկավար Աքիլ Մոխտարին: Դատավորին կասկածում են 250 հազար դոլար կաշառք ստանալու մեջ՝ համապետական ընտրությունների վերաբերյալ կասկածելի որոշում ընդունելու համար, որոնց արդյունքները չափազանց վիճահարույց էին: Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի մամլո քարտուղարը հայտնել է, որ Աքիլ Մոխտարին ձերբակալել են իր տանը, ևս երկու կասկածյալներ ձերբակալվել են Ջակարտայի հյուրանոցներից մեկում:
Ինդոնեզիայի Սահմանադրական դատարանի ղեկավարի ձերբակալությունը դարձել է հերթական աղմկոտ սկանդալը: Այս տարվա օգոստոսին ձերբակալվել էր նավթագազային խոշոր ընկերության ղեկավարը, փետրվարին կոռուպցիայի մեղադրանք էր ներկայացվել իշխող կուսակցության ղեկավարին, իսկ 2012 թ. դեկտեմբերին նույն պատճառներով պաշտոնից հեռացվել էր երկրի սպորտի նախարարը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘