‘
Երևանի Փակ շուկայի մոտ այսօր բախում տեղի ունեցավ տեղի բնակիչներ ներկայացող մի քանի տասնյակ մարդու և «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության ակտիվիստների միջև: Դեռևս մինչև ակտիվիստների ժամանումը Շուկայի տարածքում հավաքվել էին մի քանի կանայք, որոնք iLur.am-ի տեսախցիկը տեսնելուն պես, պատրաստակամություն հայտնեցին իրենց կարծիքը հայտնել Փակ շուկայի խնդրի վերաբերյալ: «Շնորհակալ ենք պարոն Ալեքսանյանից, որ մեզ ազատեց էս կռիսանոցից ու գեղեցիկ, կառույց նվիրեց մեզ», — ասաց նրանցից մեկը: Կանայք պնդում էին, որ Շուկան տարիներ ի վեր գարշահոտ ու հակահիգիենիկ տարածքի էր վերածվել, իսկ շինարարության դեմ ընդվզողներին «ծախու դավաճաններ» էին համարում: «Էդ ճարտարապետներն ո՞ւր էին, թող իրանք գային առնեին, սարքեին իրանց ուզածի նման, իմ շենքի դիմացնա՞ փակում, ես չեմ բողոքում», — ասաց կանանցից մեկը: «Ինձ իրանց մշակույթը պետք չի, ինձ իմ դախլն ա պետք», — հավելեց մեկ ուրիշը: Նրա խոսքով, Սամվել Ալեքսանյանը անհատույց շուկայում առևտուր անելու իրավունք է տվել նախկին վաճառականներից մի քանսին:
«Թողեք, մարդը վերջացնի էս շինարարությունը, փոշուց պրծնենք», ասաց հարևան շենքի բնակիչ ներկայացած մի կին: Նա մտավախություն հայտնեց, որ ակտիվիստների պայքարի արդյունքում շինարարությունը կձգձգվի և բնակիչները ստիպված պետք է լինե էլի մի քանի տարի շնչել շինարարության առաջացրած փոշին:
«Կռիսանոց էր ստեղ, ամբողջ տարածքը զուգարան էին դարձրել, իսկ ներսի զուգարաններից մենակ գոմիկներն էին օգտվում, ախպեր ջան», — ասաց մի երիտասարդ:
Ընդ որում, իրենց փաստարկները ներկայացնելիս այս մարդիկ չէին մոռանում իրենց երախտագիտությունը հայտնել ԱԺ պատգամավոր, շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո). «Մարդը էս երկրի համար ա անում, փոխանակ շնորհակալություն ասենք, խանգարում ենք», «որ մի պարսիկ առած լիներ, ձեն չէին հանելու, որ մեր հայն ա անում, դրա համար են խանգարում»:
Երբ այս խմբին մոտեցավ մի տիկին և հայտարարեց, որ դեմ է Շուկայի աղճատմանը, «տեղի ակտիվիստները» հայհոյանքներով քշեցին նրան տարածքից. «Դու ով ես, այ գեղացի, գնա քու Մասիվում հարցեր լուծի, էս մեր քուչեն ա, ս… էղի ստեղից»:
«Ակտիվիստ կանայք» ժամանակ առ ժամանակ առանձնանում էին ընդհանուր խմբից և մոտենում միջին տարիքի մի խումբ տղամարդկանց, կարճատև զրույցից հետո վերադառնում էին ընդհանուր խմբի մոտ:
Ավելի ուշ դրոշակներով և պաստառներով տարածք եկան նախաձեռնության անդամները: երկու խմբերի միջև բախում սկսվեց ոստիկանության ջոկատների ներկայությամբ, որի ընթացքում «տեղի կանանց» հրահանգավորող երիտասարդները խլում էին քաղաքացիների պաստառներն ու դրանցով հարվածում նրանց:
«Պետք է տարբերել քաղաքացիներին ամբոխից»
Տեղում ներկա էին նաև ճարտարապետներ, հասարակական գործիչներ: «Պետք է տարբերել քաղաքացիներին ամբոխից: Պետք է հասկանալ, որ սա որևէ մեկի բակի տարածքը չէ, սա հանրապետական նշանակության հուշարձան է, և այն ինչ արել է կառուցաատողը, հակասում է բոլոր օրենքներին», — iLur.am-ի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարան» կազմակերպության անդամ Գարեգին Չուգասզյանը: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ խորհուրդ տվեց ուշադրություն չդարձնել Ալեքսանյանին պաշտպանող քաղաքացիների «բողոքին», որովհետև նրանք շահագրգիռ անձինք են: Նրա խոսքով, սա պետականության պահպանման խնդիր է, որովհետև, եթե ողջ մասնագիտական հանրությունը և պետական մարմինները միաձայն պնդում են, որ այստեղ անօրինականություն է տեղի ունենում, իսկ կառուցապատողն անկախ այդ ամենից, շարունակում է շինարարությունը, ուրեմն՝ պետություն անգործունակ է:
‘