‘Իններորդ երկիրը խզեց դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ’

1184

Մավրիտանիան դարձավ իններորդ երկիրը, որն այս շաբաթ խզեց դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ:

«Քաթարն իր քաղաքականությունը կապել է…ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և ծայրահեղական գաղափարախոսություն քարոզելու հետ»,- ասվում է այդ երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Երկուշաբթի Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Եմենը և Մալդիվյան Հանրապետությունը հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ նրա դեմ ներկայացնելով նույնպիսի մեղադրանքներ: Հետո նրանց միացան Մավրիկիան և Լիբիայի արևելյան կառավարությունը (որը վիճարկում է Տրիպոլիի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության օրինակարգությունը): Հորդանանը որոշում կայացրեց նվազեցնել Քաթարում իր դիվանագիտական ներկայության մակարդակը, ինչպես նաև փակել քաթարյան «Ալ-Ջազիրա» հեռուստատեսության տեղական գրասենյակը:

Արաբական երկրները Քաթարի կառավարությանը կասկածում են Սիրիայում արմատական իսլամիստական խմբավորումներին ֆինանսավորելու և սպառազինելու մեջ:

Քաթարի իշխանությունները հարաբերությունները խզելու որոշումն անհիմն են անվանել, սակայն հավաստիացրել են, որ դա «չի ազդի երկրի քաղաքացիների բնականոն կյանքի վրա»: Քաթարի արտաքին գործերի նախարարը «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությամբ հայտարարել է, որ երկիրը կդիմանա «շրջափակմանը», բայց նաև նշել է, որ երկրի բնակիչները դարձել են այլ պետությունների կողմից «կոլեկտիվ պատժի» զոհ: Նա նաև պնդել է, որ իսլամիստներին աջակցելու մեղադրանքները հիմնված են «մտացածին ապացույցների ու կեղծիքի վրա»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Norway Chess»-ի կայծակնային մրցաշար. Արոնյանը երրորդն էր, Կարլսենը` պայքարից դուրս’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Բունդեսլիգայի 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը’