‘Ինչո՞ւ են ամերիկացի միլիարդատերերը ձեռք բերում վնասով աշխատող թերթերը’

741

Ամերիկյան լրագրության առաջատար Washindton Post թերթը գնել է աշխարհի ամենախոշոր օնլայն կայքի՝ Amazon.com-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսը, և այդ ձեռքբերումը հաստատում է վերջին ժամանակների միտումը՝ միլիարդատերերը դուրս են եկել տպագիր մամուլի շուկա, որը, ինչպես կարծում են, արդեն գրեթե  հատակում է:

 Համարյա միևնույն ժամանակ ամերիկյան ամենանշանակալի պարբերականներից մեկ ուրիշը՝ Boston Globe-ը, անցավ նոր տիրոջ՝ Boston Red Sox բեյսբոլի ակումբի սեփականատեր, միլիարդատեր Ջոն Հենրիի ձեռքը: Իսկ ամենահաջողակ ներդնող ու աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ուորեն Բաֆեթը, վերջին մի քանի տարիների ընթացքում փոքրիկ գավառային քաղաքներում ձեռք է բերել արդեն մոտավորապես 30 մանր-մունր թերթեր՝ «չափազանց էժան գներով»: «Եթե առաջ դեռ հասկանալի չէր, որ թերթերը դառնում են այն հարուստ մարդկանց ավարը, ովքեր կա՛մ հետաքրքրվում են լրագրությամբ, կա՛մ իշխանության են ձգտում, կա՛մ էլ՝ երկուսը միասին, ապա հիմա դա ակներև է»,- իր սյունակում գրել է ամերիկյան հայտնի մեդիա-փորձագետ Էնդրյու Ռոս Սորկինը:

Գործարար հանրության կարծիքով՝ Washindton Post-ի ձեռքբերումը բիզնեսի տեսակետից կարելի է ձախողված գործարք համարել,  քանի որ Բեզոսի վճարած գինը՝ 250 միլիոն դոլար, չափազանց մեծ է Boston Globe-ի համար աճուրդում վճարված գնի համեմատ, իսկ աճուրդը համարվում է պահանջարկի ստուգված բարոմետր: «Հարուստները կարող են նման թանկարժեք քմահաճույքներ թույլ տալ իրենց: Ըստ էության՝ Washindton Post-ը և New York Times-ը Ամերիկայի ամենանշանավոր թերթերն են, և եթե ես միլիարդատեր լինեի, հավանաբար՝ ես էլ կգնեի դրանցից որևէ մեկը: Հուսով եմ, որ Բեզոսն անկեղծորեն ուզում է փրկել Washindton Post-ը»,- հույս է հայտնել Arnold Aerial Advertising Inc գովազդային ընկերության նախագահ Մայքլ Առնոլդը: Նա նաև նշել է, թե Washindton Post-ի ձեռքբերման գործարքն արժեցել է  նոր սեփականատիրոջ կարողության ընդամենը 1%-ը, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թունիսցիները կրկին տապալում են ռեժիմը’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը նոր թվական է հորինել’