‘
Արդեն 8-րդ օրը Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվորի՝ Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամներն ամեն օր Կարմիր խաչի Երևանյան գրասենյակի մոտ եմ: Կրամիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը դեռ չի հանդիպել Հակոբ Ինջիղուլյանին: Զինծառայողի հորեղբոր որդուն՝ Արման Ինջիղուլյանին այսօր ընդունեց կոմիտեի երևանյան պատվիրակ Դրագանա Ռանկովիչը: Ա1+-ը փոխանցում է, որ Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը վերջին անգամ եղբոր հետ զրուցել է առաջնագիծ բարձրանալուց մեկ օր առաջ: Ասում է, որ եղբայրը ոչ մի խնդիր չի ունեցել ծառայության ընթացքում. «Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում ա եղբորս ետ բերելու համար, իսկ Կարմիր Խաչն էլ ուղղակի ասում ա՝ սպասեք, մենք էլ փորձում ենք սպասել»,- նշեց նա:
Ինջիղուլյանները գերադասում են սպասել հենց Կարմիր խաչի երևանյան գրասենյակի դիմաց: Հակոբ Ինջիղուլյանը գերեվարվել է օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, համաձայն Ժնևյան կոնվենցիայի` յոթօրյա ընթացքում նա իր մասին նամակով տեղեկություն պետք է տրամադրեր ընտանիքի անդամներին, սակայն այս դրույթը ադրբեջանական կողմը խախտել է, դեռ ավելին Ադրբեջանի ANS հեռուստաալիքով հեռարձակվել է հայ զինծառայողի հետ հարցազրույցը` այդ երկրի զինվորական համազգեստով, որի ընթացքում նրա աչքերի տակ կապտուկներ կային: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով` ադրբեջանական կողմի նմանաբնույթ պահվածքը նորություն չէ:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևը երեկ ցանկություն էր հայտնել վերադառնալ Ադրբեջան: Սա ազդակ կարող է հանդիսանալ միջազգային կառույցների և Ադրբեջանի միջև հարաբերությունների ակտիվացման համար:
Կարմիր խաչի Երևանյան գրասենյակից այսօր հրաժարվեցին պատասխանել Ա1+-ի հարցերին: Պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել, որ ադրբեջանական կողմը խախտում է Ժնևյան կոնվենցիայի մի շարք դրույթներ, իսկ ռազմական փորձագետները արձանագրում են՝ միջազգային կառույցները պասիվ են: Նրանք հիշեցնում են՝ նույն պասիվության արդյունքում 2008 և 2010թթ.-ին Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացիներ Գոռ Մանասարյանը և Մանվել Սարիբեկյանը սպանվեցին և Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այդպես էլ նրանց չայցելեցին: Ադրբեջանում գերի ընկած հայ զինվորների սպանության համար մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
‘