‘Ինչո՞ւ է խուճապահար եղել Սերժ Սարգսյանը (Տեսանյութ)’

2140

Խուճապն այնպիսի էմոցիոնալ վիճակ է, որն առաջանում է որպես վախեցնող կամ անհասկանալի իրավիճակում տեղեկատվության դեֆիցիտի հետեւանք, կամ` դրա գերհագեցվածությունից, ինչը, սովորաբար, արտահայտվում է իմպուլսիվ գործողություններով:

Բացի դա, ընդունված է համարել, որ եթե մարդու մոտ աճում է լարված վիճակը, ապա այն կարող է զուգորդվել հուզական գրգռվածությամբ, ինչն էլ կարող է խանգարել ընտրության ռացիոնալ գործընթացներին: Այսինքն, մարդը հուզմունքից ընկնում է խուճապի մեջ և չի կարողանում վերահսկել իրավիճակը: Հիմա ուշադիր հետեւենք Սերժ Սարգսյանի վերջին մի քանի ամսվա ընթացքում, եւ հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում դրսեւորած վարքին: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը բացահայտ խուճապի մեջ է: Վերջինիս խուճապային տրամադրությունների մասին են փաստում նրա հրապարակային ելույթները` խոսքը, միմիկան, ժեստիկուլյացիան, ձայնը, հայացքը:

Խոսքը.

Օրինակի համար վերցնենք վերջին խորհրդակցությունը կառավարությունում: Սարգսյանը խոսում է բանավոր, խոսքերը փոխկապակցված չեն, մտքերը` ցաքուցրիվ են: Սարգսյանը ակնհայտորեն չի կարողանում հետեւել եւ չի տիրապետում իր մտքերին: Խոսքում օգտագործում է ժարգոնային արտահայտություններ: Ակնհայտ է, որ խորհրդակցության մտահղացման հեղինակները խոսքի հնարավորինս ազդեցիկ լինելու համար առաջարկել էին Սարգսյանին խոսել բանավոր: Արդյունքում` Սարգսյանն իր ցաքուցրիվ մտքերով ու ժարգոնային բառապաշարով ընդամենը ցուցադրեց, որ ինքը խուճապի մեջ է, որ իր մոտ ներքին տագնապ կա: Նա իր խոսքում անընդհատ նախադասություններ է կիսատ թողնում, երկար պաուզաներ է տալիս, եւ ինչքան էլ որ այդ խորհրդակցությունները բեմականացված լինեն, միեւնույն է` դրանց ժամանակ Սարգսյանը չի կարողանում թաքցնել իր ներքին տագնապներն ու էմոցիաները:

Ժեստիկուլյացիա.

Ընդհանրապես, խոսելու ընթացքում ձեռքերն անընդհատ աջ եւ ձախ տանելը վկայում է մարդու ներքին խուճապի մասին, եթե, իհարկե, մարդն իր բնավորությամբ եւ խառնվածքով իմպուլսիվ չէ: Սերժ Սարգսյանին դժվար է անվանել իմպուլսիվ մարդ. նրան գրեթե միշտ եւ ամենուր կարելի է տեսնել դեմքի նույն արտահայտությամբ եւ նույն տրամադրությամբ: Սերժ Սարգսյանին ոչ հատուկ պահվածի եւ ժեստերի նման դրսեւորումը եւս  ապացուցում է միայն, որ վերջինիս մոտ ներքին տագնապ կա: Ավելին, տպավորություն է, որ նրա մոտ անելանելիության զգացում է:

Տեմբր, ձայնը.

Սերժ Սարգսյանը խոսում է ջղայնացած, բայց ձայնում անվստահություն կա: Նա երբեմն նույնիսկ «մուննաթ» է գալիս: Բայց ինչի մասին էլ խոսում է, ինչ էլ ասում է` ձայնի տեմբրը գրեթե չի փոխվում: Այսինքն, նա չի զգում իր խոսքը: Նա հոգնած մարդու տպավորություն է թողնում: Նա դեռ փորձում է «թիմակիցներին» համոզել, թե տիրապետում է իրավիճակին, նա ամեն ինչ բռունցքում պահող բռնապետի տպավորություն է ցանկանում թողնել, բայց հենց միայն այն, որ նա ապացուցելու խնդիր է տեսնում, նշանակում է` ինքն էլ չի հավատում իր խոսքերին:

Հայացքը.

Սերժ Սարգսյանն անընդհատ փախցնում է հայացքը: Նա անընդհատ նայում է կողքերը: Հայացքում անորոշություն կա: Նշանակում է` ինքն էլ նույն այդ պահին շատ լավ հասկանում է իր գործողությունների անիմաստ լինելը: Նա չի հավատում, որ այդ թատրոնը կարող է ազդեցիկ լինել: Բայց նա այլ ելք չունի: Ընտրություններին քիչ է մնացել, իսկ նրա մոտ տագնապ ու խուճապ է:

Ամփոփում.

Ակնհայտ երեւում է, որ Սերժ Սարգսյանը խուճապի մեջ է, նա ջղաձգություններ է անում, ինչ-որ բանից վախենում է: Հետաքրքիր է` ինչի՞ց: Խուճապի պատճառը իր համար կարեւոր, (կենսական նշանակություն ունեցող) հարցերում տեղեկատվական դեֆիցի՞տն է, թե՞ հակառակը, Սերժ Սարգսյանի մոտ իր համար ոչ ձեռնտու տեղեկատվությունից  գերհագեցվածություն է առաջացել: Ինչո՞ւ է Սարգսյանը անգամ բեմադրված խորհրդակցության ժամանակ ենթագիտակցաբար իմպուլսիվ գործողություններ անում: Չէ՞-որ նա մարդու այդ տեսակը չէ: Ինչո՞ւ է ցուցադրում իր ներքին վախերը: Հատկապես 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված իր վախերը: Գո՞ւցե վախենում է, որ իր համար ամենաանցանկալի սցենարը կիրականացվի: Իսկ գո՞ւցե հստակ տեղեկատվություն ունի:    

Նյութը կարդալուց առաջ եւ հետո կարող եք դիտել նաեւ այս տեսանյութը:

Պարգեւ Ապրեսյան

 

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլի. «Ես ասել եմ, թե հիացած եմ հայերի ու հրեաների տաղանդով» ‘
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսի» մարզիչի պատիժը մեղմացվեց’