‘«Ինչո՞ւ պետք է Արտակ Բուդաղյանը տուժող ճանաչվեր». Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպան ‘

1236

«Ինչո՞ւ պետք է անպայման տուժող ճանաչվեր»,- թե ինչու հունիսի 2-ին հետաձգվեց Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը, «Առավոտի» հարցին պատասխանել է Փաստաբանների պալատի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:

Նրա խոսքերով, պետք է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից էլ հետաքրքրվել՝ ինչու է պնդում, թե Արտակ Բուդաղյանը պետք է տուժող ճանաչվի. «Ճիշտ կլիներ, որ իրենից հարցնեիք՝ ինչու Է պնդում, որ տուժող պետք է ճանաչվի: Նախաքննությունն ընթացքի մեջ Է, ինքը գործի նյութերին այնպես ծանոթ չէ, ինչպես՝ ես: Ինչո՞ւ է Ալումյանը այդ կարծիքին եկել, ես առայժմ հիմնավորումներ չեմ տեսնում և գտնում եմ, որ նախաքննական մարմինը շատ ճիշտ է վարվել»:

Հարցին, իսկ ինչո՞ւ չպետք է ճանաչվի որպես տուժող, պարոն Սահակյանն ասել է. «Ես կարիք չունեմ պարզաբանումներ տալու: Ձեր հարցին ընդամենը պատասխանեցի, որ Ալումյանը թող պարզաբանումներ տա»:

Պարոն Սահակյանն ասել է, որ մեծ հավանականություն կա, որ գործում Բուդաղյանը ոչ թե տուժող, այլ մեղադրյալ կընդգրկվի. «Հնարավորությունը շատ-շատ ռեալ է, բայց ոչ ես, ոչ իմ վստահորդը’ Տիգրան Խաչատրյանը, բայց հասկանալի է, որ ինձ հետ պայմանագիրը կնքել է Սուրիկ Խաչատրյանը, ոչ էլ Սուրիկ Խաչատրյանը նման ցանկություն չունենք, որ Արտակ Բուդաղյանին անպայման մեղադրանք առաջադրվի: Բայց գտնում ենք, որ առաջադրելու բավարար հիմքեր կան: Իսկ եթե բավարար հիմքեր կան մեղադրանք առաջադրելու, ապա ի՞նչ տուժող ճանաչելու մասին է խոսքը»:

Նա ասել է, որ իր տրամադրության տակ կա դեպքի ամբողջական տեսագրությունը. «Իմ ենթադրությունները գալիս են այն ինֆորմացիայից, որ ստացել եմ` ծանոթանալով այն գործի նյութերին, որ տրամադրել են ինձ, այն տեսաժապավենից, որն ունեմ իմ տրամադրության տակ…իմն ավելի ամբողջական է, քան այն, ինչ կա ինտերնետում»:

Կայքի լրագրողի հարցին, այդտեղ կա՞ն մանրամասներ , որոնք հաստատում են զինդատախազի հայտարարությունը, թե զինված հարձակում է եղել, պարոն Սահակյանն ասաց. «Եթե հանրապետության զինդատախազը ասում է, որ հարձակում է եղել ու տեղի է ունեցել փոխհրաձգություն, ապա նա մերկապարանոց նման հայտարարություն չէր անի, եթե իր տրամադրության տակ չունենար փաստեր»:

Պարոն Սահակյանը չի կիսել Հայկ Ալումյանի գնահատականները, թե գործով արվում են իրավաբանության հետ կապ չունեցող քայլեր. «Ես ավելի տեղեկացված եմ, որովհետեւ մեղադրյալի պաշտպանն ունի ավելի մեծ հնարավորություններ քրեական գործի նյութերին ավելի մեծ ծավալով ծանոթ լինելու, քան տուժողը, որովհետեւ տուժողը քրեական գործի նյութերին ծանոթանում է նախաքննության ավարտման պահից…եւ գտնում եմ, որ Ալումյանը իր տրամադրության տակ չունի նյութեր, որոնք իրեն հնարավորություն են տվել նման հայտարարություն անել»: 

Նախորդ հոդվածը‘Երիտասարդ գործիչների ֆորում Քութաիսիում ‘
Հաջորդ հոդվածը‘Ավելի առատ մոծակներով Երևան. Մամուլ’