‘Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը վստահված անձանց պակաս ունեն ‘

1013

Քվեարկության մեկնարկից ի վեր iLur.am-ին, ինչպես նաեւ՝ այլ լրատվամիջոցների, տեղեկություններ են հասնում, որ բազմաթիվ ընտրատեղամասերում թեկնածուներից հիմնականում միայն Սերժ Սարգսյանը վստահված անձինք ունի (որոշ տեղերում էլ՝ փոխարինողներով):
iLur.am-ը փորձեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի շտաբերից պարզել, թե որքա՞ն վստահված անձինք ունեն նրանք:
«Որ տեղամասերում որ ունենք գրագետ, վստահելի վստահված անձինք, նշանակել ենք՝ կոնկրետ այն տեղերում, որտեղ զգացել ենք, որ խնդիրներ կարող են լինել: Բացի դրանից, տեղամասերի 99 տոկոսում ունենք հանձնաժողովների անդամներ»,- ի պատասխան մեր հարցի ասաց «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա չկարողացավ կոնկրետ նշել, թե քանի՞ տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանն ունի վստահված անձինք:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի շտաբի՝ նախօրեին արած հայտարարությանն այն մասին, որ հանձնաժողովների երկու անդամների միջեւ նստող վստահված անձանց տեղերը զիջվում են Ր.Հովհաննիսյանի եւ Հ.Բագրատյանի ներկայացուցիչներին, Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ պետք չէ դա ներկայացնել որպես մեծ զիջում: «Մենք, որպես խորհրդարանական ընդդիմություն այդ նախապատվությունն ունենք օրենքով», — ասաց «Ժառանգության» մամուլի խոսնակը: 

Հրանտ Բագրատյանի շտաբի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանն էլ նշեց, որ «այն տեղամասերում, որտեղ չունենք վստահված անձինք, ունենք հանձնաժողովների անդամներ»: «Ի՞նչ մեկնաբանութուն, որքան ունենք՝ այնքան էլ ունենք»,- նշեց Կարինե Հարությունյանը:

Նախորդ հոդվածը‘Քվեարկում են ջրծաղիկով հիվանդ զինվորները ‘
Հաջորդ հոդվածը‘«Սպարտակի» երկրպագուի ուշագրավ ակցիան «Գազպրոմի» շենքի առջեւ. Ֆոտո’