‘Ինչու՞ է Աշոտյան & Co-ն հետին թվով «հաճոյախոսություններ» շռայլում Կոնգրեսի հասցեին ‘

987

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այսօր գրառել է. «Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը աստղեր էին, աներկբա է, անքննադատելի, անքննարկելի»:

Հանրապետական նախարարի անսպասելի խոստովանության դրդապատճառը ի հայտ է գալիս է նրա գրառման  հաջորդ նախադասության մեջ իսկ:

«Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական մեգաաստղ էր, իսկ ՀԱԿ-ը աստղիկ էր քաղաքական երկնակամարում, այդ աստղերը այսօր պոկվել են և ընկնում են: Հին ու բարի ժամանակներում ընկնող աստղ տեսնելիս ես ցանկություն էի պահում, և այն կյանքի էր կոչվում: Առաջարկում եմ բոլորիդ, ականատեսը լինելով ընկնող աստղի, ընդամենը օգտվեք այդ հնարավորությունից և պահեք երազանք», — գրում է Աշոտյանը:

Այն, որ Արմեն Աշոտյանը ընտրական ակտիվ գործընթացների շեմին պետք է պնդեր, թե իբր առաջին նախագահն ու նրա գլխավորած շարժումն այլեւս չունեն նախկին կշիռը, տարօրինակ չէ: Տարօրինակ կլիներ որ նա հակառակն ասեր: Է՛լ ավելի տարօրինակ կլիներ, եթե հանրապետական գործիչը Լեւոն Տեր-Պետրոսյանի «մեգաաստղ» լինելու մասին իր տեսակետը հայտարարեր, ասենք, 2008-ի ապրիլի 8-ին: Կարելի է ենթադրել, թե որտեղ կլիներ Աշոտյանն այդ դեպքում: Կարելի է վստահաբար ասել, որ, համենայնդեպս, ոչ ներկա պաշտոնին, ոչ էլ հարազատ կուսակցության շարքերում:

Սակայն, Աշոտյանի արած դատողությունների բովանդակությունը եւ Առաջին նախագահի ու Կոնգրեսի մասին դատողություններ անելու  փաստն իսկ վկայում է այն մասին, որ հանրապետականները լրջորեն անհանգստացած են Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու հեռանկարից: Դատեք ինքներդ՝ մինչ օրս նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին (ի բացառյալ Սերժ Սարգսյանը) հայտարարել է առնվազն հինգ հոգի, այդ թվում՝ խորհրդրանական ընդդիմությունը ներկայացնող ուժերից: Սակայն նրանցից որեւէ մեկի անցած քաղաքական ուղու մասին որեւէ հանրապետական ոչ «հաճոյախոսություններ» է շռայլել, ոչ փորձել է նսեմացնել նրա ներկա կշիռն ու հնարավորությունները:

Տարբեր լրատվամիջոցներում առաջին նախագահի հավանական առաջադրման թեմայի շուրջ երփներանգ մեկնաբանություններ անող տարբեր «ձեւի ու բովանդակության» հանրապետական գործիչներն ակամա մատնում են իրենց գիտակցությունն առ այն, որ Հայ ազգային կոնգրեսը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ունի բավարար ներուժ՝ պայքարելու եւ հաղթելու Սերժ Սարգսյանի իշխանությանը:

Լ.Կ.

Նախորդ հոդվածը‘Աճպարարը գոլ է խփում Կասիլյասին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի իշխանությունները ստրկությունից ազատել են 90 երեխաների ‘