‘Ինչու՞ է նյարդայնանում «Սբ. Գրիգոր Լուսավորչի» փոխտնօրենը՝ iLur.am-ի փորձագետի դիտարկումները մեկնաբանելիս’

1561

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը չորեքշաբթի Report.am լրատվական կայքի հետ զրույցում փորձել է «կետ առ կետ» հերքել iLur.am-ում հրապարակված «Մահափո՞րձ, թե բեմադրություն. Վիրաբույժի եւ քննիչի կասկածները» նյութի «բժշկական մասում» տեղ գտած դիտարկումները: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին  իր դեմ իրականացված մահափորձից հետո նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը տեղափոխվեց «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:

Հոդվածում թեեւ iLur.am-ի վրա հղում չի արվում («լրատվամիջոցներից մեկը»), բայց ակնհայտ է, որ Գագիկ Մանուկյանի մեկնաբանությունը վերաբերում է հենց հիշատակված նյութին:

Չփորձելով խորանալ մասնագիտական նրբությունների մեջ, կներկայացնենք պարոն Մանուկյանի «հակափաստարկների» այն հատվածները, որոնց լրջության աստիճանը կարելի է գնահատել՝ ոլորտի փորձագետ չլինելով անգամ: Շեշտենք, որ մենք չենք պնդում iLur.am-ի հետ զրուցած վիրաբույժի արտահայտած տեսակետները, ընդամենը ներկայացնում ենք մեր դիտարկումները՝ Գագիկ Մանուկյանի մեկնաբանությունների շուրջ:

Նախ, անդրադառնալով վիրաբույժի տարակուսանքին, թե ինչպես կարող էր փամփուշտը մնալ վիրավորի մարմնի մեջ, Գագիկ Մանուկյանը ակնհայտորեն նյարդայնանալով նշում է, թե iLur.am-ի աղբյուրը «գլուխը պատովն է տվել», ապա վստահեցնում է, որ իրենց հիվանդանոցում գործող համակարգչային տոմոգրաֆիան հայտնաբերել է 7,5մմ տրամաչափի փամփուշտը Պարույր Հայրիկյանի մարմնում:

Մինչդեռ, iLur.am-ի զրուցակցի մոտ կասկած է առաջացրել ոչ թե բուժզննման ժամանակ փամփուշտի առկայությունը Հայրիկյանի մարմնում, այլ այն, որ կրակոցից հետո մոտ տարածությունից արձակված 7,5 մմոց փամփուշտը դուրս չի եկել մարմնից: (Ի դեպ, մահափորձից հետո տված հարցազրույցներից մեկում Հայրիկյանը նշել էր, որ վնասվածքը միջանցիկ է, բայց այս պահին դա չէ քննարկման առարկան):

Այսպիսով, «առաջին մասով» կարելի է արձանագրել, որ բժիշկ Մանուկյանի՝ վիրավորական արտահայտություններով համեմված դիտողությունը տեղին չէ:

Տարակուսանք է հարուցում նաեւ մեկ այլ կետի վերաբերյալ պարոն Մանուկյանի մեկնաբանությունը: Այսպես, հեռակա կարգով պատասխանելով iLur.am-ի միջոցով հնչեցված անուղղակի հարցին, թե ինչու՞ վիրավոր Հայրիկյանին անմիջապես, առաջին օգնություն տալու նպատակով չտեղափոխեցին մոտակա հիվանդանոցներից մեկը, այլ Կենտրոնից ուղարկեցին Նոր Նորք, «Սբ. Գրիգոր Լուսավորչի» փոխտնօրենը (շտապ բուժօգնության գծով), չգիտես ինչու, սկսում է թվարկել հիվանդանոցի առավելությունները՝ «համակարգչային տոմոգրաֆիա», «հագեցված սարքավորումներ», «բարձրակարգ մասնագետներ»: «Էդ զարմանք հայտնողը թող վեր կենա, գա մեր կլինիկա, ես ցույց կտամ իրեն մեր կլինիկայի հզորությունը, ինքը կհասկանա, թե ինչի են բերել մեզ մոտ», — ասում է բժիշկ Մանուկյանը՝ շրջանցելով ամենակարեւոր փաստը, այն է՝ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող Պարույր Հայրիկյանի գտնվելու վայրից  «Լուսավորիչն» ավելի հեռու է գտնվում, քան Երեւանի մի շարք այլ հիվանդանոցներ: Ասենք՝ Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցը, որը գտնվում է Աբովյան փողոցի վրա՝ բառացիորեն Տպագրիչների փողոցից (որտեղ տեղի է ունեցել մահափորձը) դեպի Նոր Նորք ընկած ճանապարհին:

Ի դեպ,  նույնիսկ ինքը, Գագիկ Մանուկյանն է նշում՝ «եթե նման հիվանդներին մինչև իսկ այլ հիվանդանոց են տանում, երկու ժամ անց բերում են մեզ մոտ»: Այս դեպքում, առավել եւս ստիպված ենք կիսել iLur.am-ի հետ զրուցած վիրաբույժի տարակուսանքը՝ ինչու՞ նախագահի թեկնածուին նախ չտարան մոտակա հիվանդանոց, որպեսզի «երկու ժամ անց», անհրաժեշտության դեպքում տեղափոխեին «սարքավորումներով հագեցած, բազմապրոֆիլ» «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»:   

Հաջորդ կետի շուրջ Գագիկ Մանուկյանի մեկնաբանությունն ուղղակի անհասկանալի է:

Այսպես, Report.am-ի թղթակիցը մեջբերում է iLur.am-ի հոդվածի այն հատվածը, որտեղ «անանուն վիրաբույժը» նկատում է, որ սովորաբար փամփուշտը հեռացնելու համար մարդուն պետք է վիրահատել հենց նույն օրը, ոչ թե մեկ օր անց, ինչպես արվել է Հայրիկյանի դեպքում: Սրան ի պատասխան Գագիկ Մանուկյանը հակիրճ փաստում է, որ «Հայրիկյանին իրենք վիրահատել են հենց մեկ օր անց»: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են (գուցե հարգարժան բուժաշխատողը լավ չի՞ ընկալել հարցը): 

Վերջում բուժհիմնարկի փոխտնօրենը «մեծահոգաբար» համաձայնում է այն դիտողությանը, որ դեպքի գիշերը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքն անհարկի մարդաշատ էր: Ընդ որում, նա դրանում տեսնում է լրագրողների մեղքը՝ նշելով, որ վերջիններս բաժանմունքը «դարձրել էին Գումի շուկա»՝ «ապարատներով րոպեն մեկ մտնում-դուրս էին գալիս` խոչընդոտելով մեր աշխատանքը»:

Նկատենք, որ նախ՝ յուրաքանչյուր լրագրողի մասնագիտական պարտականությունն է՝ հնարավորինս արագ եւ լիարժեք տեղեկատվություն ձեռք բերել որեւէ իրադարձության մասին: Այնպես, ինչպես յուրաքանչյուր բուժհիմնարկի աշխատակցի մասնագիտական պարտականությունն է՝ բացառել կողմնակի անձանց ներկայությունը «չսահմանված վայրերում» տվյալ պահին՝ վերակենդանացման բաժանմունքում:

Բացի դրանից, պարոն Մանուկյանը չէր կարող չնկատել, որ փետրվարի 1-ի գիշերը հիվանդանոցի բաժանմունքը «Գումի շուկա» էին դարձրել ոչ միայն եւ ոչ այնքան լրագրողները, որքան՝ Հայրիկյանին այցելած տարատեսակ պետական եւ կուսակցական գործիչներ՝ հաճախ թիկնազորի ուղեկցությամբ, ինչպես նաեւ նախագահի թեկնածուներ (iLur.am-ի թղթակիցները ողջ գիշեր գտնվել են հիվանդանոցի տարածքում եւ հետեւել են անցուդարձին):

Արդյո՞ք դժվար էր հետեւել, որպեսզի վերակենդանացման բաժանմունք չներթափանցեին ո՛չ «աներես լրագրողները», ո՛չ քաղաքական դաշտից բազմապիսի «զորակցողները», որոնք, ի դեպ, լրագրողների ներկայությունից ամենեւին էլ չէին ճնշվում:  Հակառակը, նրանք սիրով շփվում էին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, երբեմն էլ, չսպասելով հարցերի, իրավապահ մարմնի գործառույթներն իրենց վրա վերցնելով, հայտարարություններ էին անում  հանցագործության «քաղաքական շարժառիթների» մասին:

Հ.Գ. Սա այն դեպքերից է, որոնց մասին ասում են՝ «լռությունը ոսկի է»: Քանի որ պատասխանատու (՞) բուժաշխատողի նման մեկնաբանությունները ոչ միայն չփարատեցին iLur.am-ի նյութում արտահայտված կասկածները, այլեւ նորանոր հարցեր առաջացրեցին: Մասնավորապես՝ ինչու՞ է նյարդայնանում «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» փոխտնօրենը: Ինչու՞ է վիրաբույժի դիտարկումներին պատասխանում մեկը մյուսի հետեւից անտրամաբանական դատողություններով: Հուսով ենք, պատճառը վերջին օրերի լարված աշխատանքի առաջացրած գերհոգնածությունն է, եւ որոշ ժամանակ անց, հանգստանալուց ու «շունչը հետ բերելուց» հետո պարոն Մանուկյանն այնուամենայնիվ կկարողանա ավելի հարթ եւ հասկանալի պատասխաններ տալ առաջ քաշված բավական պարզ հարցերին: 

Հ.Հ.Գ. iLur.am-ի հրապարակած՝ խնդրո առարկա հոդվածում զետեղված են նաեւ փորձառու քննիչի դիտարկումները Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի որոշ դետալների շուրջ: Վատ չէր լինի ծանոթանալ նաեւ «այս մասով» գործը քննող իրավապահների արձագանքներին:

Հակոբ Կարապետյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն եւ Իտալիան կվերականգնեն Պոմպեյի հուշարձանները’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության’