‘
Արդեն մոտ կես ժամ է, ինչ կաթվածահար է եղել Մոսկովյան փողոցի մի հատվածի երթևեկությունը: Պատճառն այն է, որ երկու մեքենաներ թեթևակի դիպել են իրար՝ առանց լուրջ վնաս պատճառելու: Բայց նույնիսկ այս դեպքում մեր օրենսդրությամբ ամրագրված է, որ վարորդները իրենց մեքենաները կարող են տեղաշարժել միայն ՃՈ ցուցումով: Բայց ինչպես երևում է տեսանյութում՝ ոչ ՃՈ, ոչ էլ՝ ապահովագրական ընկերության աշխատակիցները արդեն կես ժամ է՝ չեն բարեհաճում ժամանել դեպքի վայր: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ՃՈ-ն ունի ընդամենը երկու գործառույթ. տուգանել վարորդներին և ապահովել Սերժ Սարգսյանի ազատ տեղաշարժը՝ կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը և բարձրախոսներով մուննաթ գալով վարորդների վրա:
Շատ երկրներում օրենքներ ընդունելուց առաջ մտածում են, թե ինչ ազդեցություն կունենա այդ օրենքների կիրառումը: Օրինակ, ԱՊՊԱ-ի դեպքում կարելի էր հաշվի առնել այլ երկրների փորձը: Բայց դե Հայաստանում ամեն ինչ արվում է վարորդներից գումար կորզելու և այդ գումարի դիմաց պատշաճ ծառայություններ չմատուցելու համար: ԱՊՊԱ-ի դեպքում ապահովագրական ընկերությունների աշխատակիցները չեն բարեհաճում ժամանել դեպքի վայր, իսկ պատճառված վնասի փոխհատուցումը շատ դեպքերում վարորդների համար վերացվում է մղձավանջի. հերթեր, վնասի ցածր գնահատում, պատճառված վնասի օրենքով սահմանված մաքսիմալ ուշ փոխհատուցում, իսկ մնացած վարորդների համար խցանումներ, բնակիչների համար էլ տանը անդադար լսվող ազդանշանի ձայներ: Իսկ կարելի էր ընդամենը մի քիչ ուղեղներին զոռ տալ, վերցնել մյուս երկրների փորձը և շատ դեպքերում լուսանկարահանելուց հետո տեղաշարժել մեքենան:
Կարելի էր նաև օգտագործել «Փարկինգ Սիթի Սերվիսի» տեսախցիկները, որոնք օգտագործվում են միայն վարորդներին տուգանելու համար. կարելի էր կիրառել դրանք նաև նմանատիպ դեպքերի ժամանակ և օրենքով պարտավորեցնել ընկերությանը, կամ Երևանի քաղաքապետարարնին՝ ավտոպատահարների դեպքում տրամադրել տեսանյութը:
Բայց դե ինչպես նշեցինք, Հայաստանում ամեն ինչ արվում է մարդկանցից փող կորզելու համար:
Հարություն Գևորգյան
‘