‘Ինչու է կոռուպցիայի հարցը «ջղայնացրել» Հրայր Թովմասյանին. Գուցե խնդիրը իր եկամուտնե՞րն են. Փաստաթղթեր’

3035

ԱԺ-ում կառավարությանը կոռուպցիայի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի հարցապնդման ժամանակ իրեն առանձնահատուկ ջղագրգիռ պահեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Վերջինս պատասխանում էր Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին,  եւ անընդհատ փորձում էր ջրել «ինչո՞ւ է կառավարությունը կոռումպացված» հարցը, որի վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան կառավարությանը ներկայացված հարցախնդման մեջ: Ի դեպ, այդ հարցապնդման մեջ ներկայացված էին նաեւ մի շարք պաշտոնյաների պաշտոնական հայտարարագրերը, որոնք ապացուցում էին, որ պաշտոնյաները չէին կարող աշխատավարձով այդքան գումարներ ունենալ բանկերում եւ այդքան անշարժ գույք ձեռք բերել: Ըստ երեւույթին, Թովմասյանին դա առանձնահատուկ դուր չի եկել, կամ՝ նեղվել է, որ մյուս պաշտոնյաներին Կոնգրեսը կարեւորել է՝ նրանց հայտարարագրերին անդրադառնալով, իսկ իրեն՝ ոչ: Կամ էլ՝ գուցե սովորաբար հազիվ լսելի ձայնով խոսող Թովմասյանին իշխանություններն ուղղակի հրահանգել էին դուրս գալ ամբիոնի մոտ եւ բոլոր հնարավոր մեթոդներով կրծքով պաշտպանել իրենց: Ինչեւէ: Քանի որ հարցապնդման մեջ բացակայել է Թովմասյանի եւ նրան փոխկապակցված անձանց ունեցվածքի մասին հիշատակումը, մենք կլրացնենք այդ բացը, կներկայացնենք Թովմասյանի հայտարարագրերը, ինչից հետո գուցե պարզ դառնա, թե ինչու է ջղայնացել վերջինս: Գուցե այն պատճառով, որ ինքն էլ է հասցրել նախարար դառնալուց հետո մի լավ «թրփոշանալ»:

Եւ այսպես:

2011 թվական

Թովմասյանը հայտարարագրել է ընդամենը 2 բնակարան (մեկը՝ 60, մյուսը՝ 30 մլն դրամ արժողությամբ), 6750 եվրո եւ եւ 70 հազար դոլար բանկում, ինչպես նաեւ՝ բացի տարեկան ընդհանուրը 31 մլն եւ 6 մլն երկու աշխատավարձից 3 մլն դրամ այլ եկամուտ եւ 720 հազար դրամ փոխառություն:

2012 թվական

Թովմասյանն արդեն ունի 3 բնակարան, երկու հողամաս, երկու անհատ բնակելի տուն, եւ հողին ամրացված այլ անշարժ գույք՝ կառուցապատման համար: Բանկում՝ 6750 եվրո, 70 հազար դոլար եւ 2.5 մլն դրամ: Եկամուտները՝ տարեկան 4 եւ 7.5 մլն դրամ աշխատավարձ, 4.2 մլն դրամ այլ եկամուտ եւ 1 մլն դրամ փոխառություն:

2012-ի տարեկան հայտարարագրում դրամական միջոցները՝ 6750 եվրո, 70 հազար դոլար եւ մոտ 17 մլն դրամ: Տարեկան 6 եւ 3 մլն դրամ աշխատավարձ, 3 մլն այլ եկամուտ եւ 7 մլն փոխառություն:

Հրայր Թովմասյանի տիկինը՝ Լամարա Խուդավերդյան.

2011 թվականին, ըստ հայտարարագրի՝ ոչ մի տեղ չի աշխատել, բայց բանկում ունեցել է 32 հազար դոլար:

2012-ին ունեցել է հանձնված կամ վերադարձված փոխառություն, որի չափը չի նշվում,  32 հազար դոլար բանկում եւ 1500 դոլար ավանդի տոկոս: Նա, 2012-ին էլ ոչ մի տեղ չէր աշխատում:

 

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ. Կոնգրեսի՝ կոռուպցիայի մասին հարցապնդումը հունից հանել է Հրայր Թովմասյանին’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր. Շրջանառվող օրինագիծը հիասթափության մի նոր ալիք է բարձրացրել ‘