‘Ինչու է Մինսկի խումբը հետին թվով փոխել իր հայտարարությունը ‘

2757

ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված վերջին հայտարարությունը փոփոխության է ենթարկվել:

Հիշեցնենք, որ խոսքը ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի վերաբերյալ տարածված երկրորդ հայտարարության մասին է, որտեղ համանախագահները կոչ էին անում ադրբեջանական կողմին «դրսեւորել բարի կամք» եւ թույլ տալ մոտնալ ուղղաթիռի  անկման վայրին: Համանախագահները նշել էին նաեւ. «Խորապես մտահոգված ենք, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել: Ուղղաթիռի բեկորներն ընկած են Շփման գծի չեզոք հատվածի խիտ ականապատ տարածքում»:

Այժմ՝ ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված այդ նույն հայտարարությունը հետեւյալ տեսքն ունի. «Ուղղաթիռի բեկորներն ընկած են շփման գծի ոչ մեկին չպատկանող (չբնակեցված- no man’s land) խիտ ականապատ տարածքում»:

Հիշեցնենք, որ հայտարարությունը տարածվել էր նոյեմբերի 19-ին: Դրանից մեկ օր անց Թվիթերի իր միկրոբլոգում հաղորդագրություն էր տարածել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով գրել էր բառացիորեն հետեւյալը. «Ղարաբաղյան հակամարտությունում «չեզոք» տարածք գոյություն չունի: Կա զինված ուժերը տարանջատող` «ոչ մեկին չպատկանող (no man’s land) տարածք»»:

Այս՝ առաջին հայացքից աննշան թվացող փոփոխությունն իրականում դիվանագիտական շատ լուրջ նրբություն է պարունակում իր մեջ, եւ ադրբեջանցիներին, ըստ էության, հաջողվել է այն փոփոխել՝ ի շահ իրենց:

Ի՞նչ ասել է չեզոք գոտի:

Չեզոք գոտին տարածք է (ոչ ինքնիշխան), որը ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ որեւէ պետության ԱՆՔԱԿՏԵԼԻ մասը. ոչ անկախ պետության, ոչ որեւէ պետության կազմում գտնվող պետության, ոչ գաղութի: Սակայն չեզոք գոտին, միաժամանակ, չի համարվում Terra nullius` այսինքն, լատիներենից թարգմանված՝ «ոչ մեկի տարածքը»: Չեզոք գոտին կամ չեզոք տարածքը մի քանի կողմերի մասնակցությամբ ընդունված միջազգային համաձայնագրի օբյեկտ է (որպես կանոն՝ միջնորդ երկրների եւ/կամ գաղութատերերի եւ այլն), ըստ որի՝ կողմերից ոչ մեկը չի կարող ղեկավարել այդ տարածքը, համենայնդեպս՝ համաձայնագրով նշված ժամկետի ընթացքում: Չեզոք տարածքների սահմանները նշելու համար կիրառվում է չեզոք հատված տերմինը:

Ինչո՞ւ Ադրբեջանը փոխել տվեց այս կետը: Շատ պարզ պատճառով: Ադրբեջանը համարում եւ պնդում է, որ նախկին ԼՂԻՄ-ի եւ դրա հարակից 7 շրջանները Հայաստանը օկուպացրել է, սակայն, դե յուրե, դրանք շարունակում են մնալ իրենց տարածքները, եւ հետեւաբար, ըստ Ադրբեջանի, նախկին ԼՂԻՄ-ի տարածքն ու դրա հարակից 7 շրջանները իր անքակտելի մասն են կազմում: Ինչպես հիշում ենք, վերջին սադրանքից հետո նրանք նույնիսկ հայտարարեցին, թե ուղղաթիռը խոցել են իրենց օդային տարածքում:

Եթե միջնորդ խմբի հայտարարության մեջ նշվում է չեզոք գոտի հասկացությունը, նշանակում է, որ Մինսկի խումբը ինքնաբերաբար սահմանազատում է Ադրբեջանի ներկայիս՝ դե ֆակտո  տարածքը՝ նախկին ԼՂԻՄ-ի ու դրա հարակից 7 շրջաններից: Իսկ եթե սահմանազատում է, նշանակում է՝ թեկուզ եւ դիվանագական լեզվով, բայց, այդուհանդերձ, կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասել է թե՝ չի ընկալում նախկին ԼՂԻՄ-ի եւ դրա հարակից տարածքները որպես Ադրբեջանի անքակտելի տարածք: Այսինքն, զգայական լեզվով ասած՝ սա որոշ իմաստով հայանպաստ ձեւակերպում էր:

Իսկ երբ փոխվում է ձեւակերպումը՝ փոխվում է նաեւ իմաստը:

Նոր՝ no man’s land ձեւակերպումը ոչ թե բառացիորեն նշանակում է չբնակեցված կամ ուղղակի ոչ մեկին չպատկանող տարածք, այլ հստակ տերմին է՝ իր նշանակությամբ: No man’s land նշանակում է չզբաղեցրած տարածք,  որը վիճելի տարածք է կողմերի համար: Տերմինն առավել շատ ասոցացվում է Առաջին աշխարհամարտի տարիների հետ՝ նկարագրելու համար այն տարածքը, որը գտնվում է թշնամիների միջեւ, եւ դեպի ուր կողմերից եւ ոչ մեկը չի ցանկանում բացահայտ առաջ շարժվել կամ գրավել այն՝ հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու վախից, զգուշավորությունից դրդված:   

Օքսֆորդի համալսարանի բառարանում այդ տերմինը հասնում է մինչեւ 14-րդ դար եւ հիշատակվում է որպես nonesmanneslond, որով նկարագրվում էր տարածքը, որը օրինական տարաձայնությունների պատճառ է դարձել: Կարճ ասախ՝ no man’s land նշանակում է վիճելի տարածք, երբ կողմերը (անկախ դրանց քանակից) պնդում են, որ այն իրենցն է:

Այսպիսով, եթե առաջին հայտարարությամբ համանախագահները, ըստ էության, ասում էին՝ «չենք պնդում, թե սա որեւէ մեկի տարածքն է, բայց Ադրբեջանի անքակտելի մասն էլ չէ», այժմ լղոզելով ասում են՝ «չենք պնդում, թե որեւէ մեկի տարածքն է, բայց եւ չենք պնդում, որ Ադրբեջանինն էլ չէ»: 

Ինչպես ասում են՝ դիվանագիտությունը սատանայի նման է՝ մանրուքների մեջ է: Այնպես որ, մեր դիվանագիտությունը լավ կաներ՝ նաեւ այսպիսի մանրուքների «հետեւից ընկներ», ինչպես որ դա անում են ադրբեջանցիները: Չնայած, մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով մեր դիվանագիտության մակարդակը, թերեւս անիմաստ էլ է որեւէ բան սպասել մեր արտաքին քաղաքականության պատասխանտուներից, այն էլ՝ այսպիսի «մանրուքներում»:

Հ.Գ. Այսօր առավոտյան պաշտոնապես հայտարարվեց, որ մեր զինվորները հատուկ օպերացիայի արդյունքում ուղղաթիռի անկման վայրից տարհանել են մեր սպանված զինծառայողների աճյունները: Իրոք որ՝ ապրեն մեր զինվորները: Իշխանական վերնախավի փտախտը դեռ իրենց չի հասել, միջին ու ցածր օղակները նորից ապացուցեցին, որ իրենք, ի տարբերություն իշխանական վերնախավի, գործում են հանուն պետության:

Պ.Ապրեսյան  

Նախորդ հոդվածը‘Տորես. ««Միլան» եմ տեղափոխվել` գոլեր խփելու համար»’
Հաջորդ հոդվածը‘Բալոտելին իր քննադատներին’