‘Ինչու է Մուիժնիեկսը իրականում հիշել Մարտի 1-ը’

1245

Ինչպես հայտնի է՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը Հայաստան կատարած իր առաջին այցի շրջանակներում ունեցած մամլո ասուլիսի ժամանակ խոսել է նաեւ Մարտի 1-ի թեմայից: Այս փաստը, սակայն, չգիտես ինչու, խիստ անհանգստացրել է իշխանություններին: Եւ արդյունքն էլ, բնականաբար, եղավ այն, որ իշխանանախարարամերձ կայքերից մեկում, որպես հանձնակատարի հայտարարության վելուծություն՝ նշվեց, թե ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի բերանով հիշատակվեց Մարտի 1-ի բացահայտման մասին, այնինչ՝ հայաստանյան քննարկումներում վաղուց այս թեման մոռացության են մատնել երբեմնի «պահանջատերերը»: Պահանջատեր ընդդիմադիր ասելով՝ հեղինակները, բնականաբար, նկատի ունեն Հայ ազգային կոնգրեսին, որին  փորձում են մեղադրել Մարտի 1-ի թեման լռության մատնելու մեջ: Թեմային քաջատեղյակներն, անշուշտ, ժպիտով են ընդունում նման «վերլուծությունները», այդուհանդերձ, մեկ փոքրիկ անդրադարձ՝ գրվածի եւ, մասնավորապես, այն տարօրինակ զարմանքի վերաբերյալ, որն իշխանամետ կայքերն ունեցել են հանձնակատարի կողմից մարտիմեկյան սպանդի թեման հիշատակելու կապակցությամբ:

Պնդումն, ինչպես տեսնում ենք, հիմնականում մեկն է՝ նույնիսկ հանձնակատարն է խոսում այդ թեմայից, իսկ, ահա, ընդդիմությունը թեման մոռացել է: Նշենք, որ նոր հանձնակատարն այդ պաշտոնում փոխարինել է Թոմաս Համարբերգին: Ու ինչպես հայտնի է, Նիլս Մուիժնիեկսը՝ ի տարբերություն իր նախորդի, ավելի քիչ էր անդրադառնում մարտիմեկյան թեմային: Ուրեմն, ի՞նչ պատահեց այս ընթացքում, որը հանձնակատարին ստիպեց նորից խոսել այդ թեմայից: Մարտիմեկյան թեման, ի դեպ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի անկյունաքարային թեմաներից մեկն է եղել: Թե՛ ելույթներում, թե՛ ԵԽ ներկայացուցիչների եւ թե՛ նույն Նիլս Մուիժնիեկսի հետ հանդիպումներում Զուրաբյանը մշտապես հիշեցրել է մարտիմեկյան սպանդի չբացահայտված լինելու մասին: Եւ այն, որ այսօր հանձնակատարը խոսում է այդ թեմայից, նշանակում է, որ այդ հանդիպումներն, ամեն դեպքում, ապարդյուն չեն անցել: Ասել է թե՝ հենց ընդդիմության համառ աշխատանքի շնորհիվ է, որ հանձնակատարը ստիպված է եղել խոսել Մարտի 1-ից: Իսկ թե ինչու իշխանամետ ԶԼՄ-ներին այդ փաստը նկատելը ձեռնտու չէ՝ թերեւս պարզ է: Փաստերը խեղաթյուրելու վարքով այդ ԶԼՄ-ները նոր չէ, որ աչքի են ընկել:

Կ.Մինասյան 

Նախորդ հոդվածը‘Շարմազանովը տարակուսած է Եվրախորհրդարանի բանաձեւից’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտի հրամանատարները զգուշացնում են «զորիբալայաններին». Արցախը սակարկության առարկա դարձնողները կպատժվեն’