‘Ինչու է սրվել իրավիճակը. 3+1 տարբերակ’

3314

Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին շրջանի լարվածությունն, անկասկած, մտորելու տեղիք է տալիս:

Ինչո՞ւ է սրվել իրավիճակը, ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ, ինչպե՞ս կարելի է առնել այս ամենի դեմը: Ընդ որում, վերջին հարցի շուրջ (օբյեկտիվորեն) զգայական արձագանքներն այնքան շատ են, որ դրանք, ըստ էության, ստվերում են թողնում առաջին երկու հարցերի շուրջ քննարկումներն ու հնարավոր պատասխանների որոնումները:

«Զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին», «սահմանին կանգնած զինվորներին, ինքնաձիգներից բացի, բաժանել նաեւ ատրճանակներ՝ դիվերսիոն գործողություններին ավելի վստահ ու ճկուն արձագանքնելու համար», «սահման ուղարկել պաշտոնյաներին ու նրանց զավակներին» եւ այլն, եւ այսպես շարունակ: Մոտավորապես այսպիսի բովանդակությամբ զգայական արձագանքներ են հնչում՝ արդեն քանի օր է: Այնինչ, ինչպես երեւում է, մինչեւ հստակորեն ու սառը տրամաբանությամբ չտրվեն առաջին հարցադրման պատասխանները, մյուսներինը կիսատ-պռատ կամ ոչ լիարժեք կլինեն:

Տարբերակ. 1 Ուժային  լուծում կամ վրեժխնդրություն

ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացն ակնհայտորեն մտել է փակուղի, եւ Փարիզում Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու՝ միջնորդների նախաձեռնությունը ադրբեջանական կողմի համար ոչինչ չնշանակող մի իրադարձություն է այլևս: Եւ հետեւաբար, ադրբեջանական կողմն արդեն խոսքից որոշել է անցնել գործի՝ փորձելով իրականացնել հիմնախնդիը ուժով լուծելու իր տեւական սպառնալիքները, եթե նման հնարավորություն իրեն տրվի:

 Այս տարբերակի դեպքում Ադրբեջանի համար նպաստավոր ֆոն կարող է լինել Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամն ու այն, որ այսօր միջազգային հանրության ուշադրությունն ավելի շատ ուղղված է հենց այդ ճգնաժամին: Այս պարագայում Ադրբեջանը կփորձի այնքան, մինչեւ հասկանա, որ՝ կա՛մ դա իրեն անել չի հաջողվի, ու հետ քաշվի, կա՛մ՝ որ դա իրեն կհաջողվի, եւ ավելի կուժեղացնի ճնշումը:   

Տարբերակ 2. Ներքաղաքական

Հաշվի առնելով ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանությունների առկայությունը, չի կարելի բացառել, որ նրանք, սեփական իշխանությունը պահելու համար, պարբերաբար «շիկացած» կերակուր պետք է մատուցեն իրենց հանրություններին՝ վերջիններիս քաղաքական լարվածության գնալու մտադրությունից զերծ պահելու համար: Նորմալ իշխանությունների պարագայում սա կարելի էր աբսուրդ համարել, իհարկե, բայց երբ իշխանությունների բնույթը հենց հանցավորությունն է, որոնք սեփական իշխանությունը պահելու համար երբեք ոչնչից չեն խորշում (անգամ սեփական երկրում ընդվզող  քաղաքացիներին սպանելուց ու նրանց տասնյակներով բանտ նետելուց), ապա այս տարբերակը նրանց համար կարող է նույնիսկ խելքին մոտ լինել:

Տարբերակ 3. Արտաքին քաղաքական

Կողմերը (իսկ ավելի կոնկրետ՝ երեք կողմերից երկուսը՝ առանց հիմնական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցության) պատրաստվում են բանակցային գործընթացում ինչ-ինչ համաձայնության գալ: Եւ իրավիճակի շիկացումն այս պարագայում կարող է այդ համաձայնությունը հասարակությունների գլխին «սաղացնելու» հարմար խթան լինել: Բնական է, որ պատերազմ տեսած հասարակությունը երբեք այդքան խաղաղություն չի ցանկացնա, որքան այն ժամանակ, երբ պատերազմի կրկնության հավանականությունը կարող է մոտ լինել: Մանր բախումներն ու այդ ընթացքում պարբերաբար արձանագրվող զոհերը, ի վերջո, կարող են ընկճել հանրություններին եւ նրանց հասցնել մի այնպիսի աստիճանի, որ նրանք ասեն. «Ինչ տարբերակով էլ որ լինի՝ մի կերպ լուծեք այդ խնդիրը»:

Տեւական ժամանակ միջնորդները կոչ էին անում հակամարտության կողմերի իշխանություններին՝ հասարակություններին նախապատրաստել հաշտեցման: Եւ ահա, եթե քաղաքական տարբերակով նախապատրաստելը չի ստացվում, կարելի է գործի դնել պլան «Բ»-ն՝ նախապատրաստել հանրություններին՝ սպառնալով պատերազմի վերսկսման վտանգով:

Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի եւ Թուրքիայի նախագահին՝ այդ տարելիցի կապակցությամբ Հայաստան հրավիրելու՝ Սերժ Սարգսյանի առաջարկի ֆոնին: Ակնհայտ է, որ առանց ներքին ինչ-ինչ պայմանավորվածությունների՝ Սերժ Սարգսյանը երբեք հանդես չէր գա նման նախաձեռնությամբ (ճիշտ այնպես, ինչպես 2008-ին՝ ֆուտբոլային տխրահռչակ դիվանագիտության ժամանակ), ինչը նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, Սարգսյանը փորձում է հայ-թուրքական հաշտեցման երկրորդ փուլն սկսել, իսկ Թուրքիայի ապագա նախագահը, ըստ ամենայնի՝ կգա Հայաստան: Ըստ երեւույթին՝ 100-ամյա տարելիցը հարմար առիթ է միջնորդների համար՝ լուծելու Հայաստանին եւ Թուրքիային հաշտեցնելու բարդ ծրագիրը, որը նրանք չեն կարողանում հաղթահարել արդեն մոտ երկու տասնամյակ: Մյուս կողմից, սակայն, Թուրքիան երբեք չի հրաժարվել իր հիմնական նախապայմանից. առանց ԼՂ հիմնախնդրի կարգավորման՝ չկա Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցում: Եւ հետեւաբար, այդ նույն տրամաբանությամբ, նախ, պետք է առաջընթաց արձանագրվի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, ապա նոր սկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:  

Տարբերակ  Աբսուրդային (4). Արկածախնդրություն

Եթե մի կողմ դնենք բոլոր քիչ թե շատ տրամաբանական հիմնավորում ունեցող տարբերակները, ապա կմնա եւս մեկ՝ աբսուրդային, բայց, ամեն դեպքում՝ տարբերակ.  սովորական արկածախնդրությունը: Ինքնանպատակ լարվածություն՝ հանուն ոչ մի կոնկրետ նպատակի: Բայց սա հավանական է նույնքան, որքան այն, որ 2050 թվականին Հայաստանի նախագահը դեռ Սերժ Սարգսյանը կլինի:

Ամփոփում  

Այս պարագայում ամենակարեւորը, սակայն, թացը չորից, տեղեկատավական կուտն ու քարոզչությունը՝ իրական ինֆորմացիայից տարբերելն է, իշխանական վերնախավին ու բանակի ստորին ու միջին հատվածին, իրենց ծառայությունը բարեխիղճ իրականացնող սպաներին չնույնացնելը:

Եթե իշխանության «գլուխն» արկածախնդրության է գնում, պետության համար իր կյանքն ամեն վայրկյան զոհելու պատրաստ ոչ միայն զինվորը, այլեւ սովորական սպան հանրության հարձակման թիրախ չպետք է դառնա: Զգայական զեղումներն ու էմոցիոնալ պոռթկումները պետք է փոխարինել պետականամետ սառը հաշվարկով:

Եթե գործ ունենք առաջին տարբերակի հետ, եւ Ադրբեջանը պատերազմ նախաձեռնի, ապա բոլորիս պարտքը պետք է լինի Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանները պաշտպանելը: Որովհետեւ սա, նախեւառաջ, մե՛ր երկիրն է, մե՛ր պետությունը, իշխանությունները այս երկիրը օժիտ չեն բերել իրենց հետ եւ չեն տանելու այն հետները՝ հեռանալիս:

Բայց եթե սա քաղաքական ինչ-ինչ արկածախնդրություն է, ապա այն նախաձեռնողներն այդ ամենը մարսելու իրավունք չպիտի ունենան: Հայաստանն (ու նաեւ, այս պարագայում՝ Ղարաբաղը) որբի գլուխ չէ, որի վրա վարսավիրություն սովորես: ((c) Պ.Սեւակ): Եւ ոչ էլ զինվորներն են թնդանոթային մսացու, որ ինչ-ինչ քաղաքական նպատակներով նրանց տանեն մահվան:

Հ.Գ. Այդուհանդերձ, եթե մի կողմ ենք թողնում էմոցիաները, ապա այս պարագայում առավել հավանական է թվում հենց 3-րդ տարբերակը. շիկացում՝ համաձայնությունից առաջ: Աստված տա՝ սխալվենք: Իսկ մեր զինվորներին էլ՝ բարի ու անփորձանք ծառայություն:   

Քրիստինե Խանումյան   

 

Նախորդ հոդվածը‘Երևան-Շորժա գնացքում լարված իրավիճակ է. ՀԿԵ-ն շփոթել է երկաթուղայինների օրը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդը գնդակոծել է Բարեկամավանը. Պատասխան գործողություններից ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ. ՊՆ’